Հետևեք մեզ։

Թուրքիայի սահմանադրական դատարանում Հայոց պատրիարքարանը հաղթանակ է տարել

15:14, 10 հոկտեմբեր 2024
Թուրքիայի սահմանադրական դատարանում Հայոց պատրիարքարանը հաղթանակ է տարել

Երուսաղեմի պատրիարքարանը շահել է դատը Թուրքիայում իր հսկայական ունեցվածքը վերականգնելու համար։ The Armenian Weekly-ն գրել է, որ հայցը ներկայացվել է 2012 թվականին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից տասնամյակներ առաջ բռնագրավված իր ավելի քան հազար անշարժ գույքը վերականգնելու համար։

Երկար տարիներ դատական գործընթացներից հետո Պատրիարքարանը անցած շաբաթ հաղթանակ տարավ։ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի 2012 թվականի հայցն ի սկզբանե մերժվել էր ինչպես Անկարայի ստորադաս դատարանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի կողմից։ Այնուհետեւ պատրիարքը դիմել է Թուրքիայի սահմանադրական դատարան՝ երկրի բարձրագույն դատարան, որը որոշել է, որ ստորին դատարանը խախտել է Հայոց պատրիարքարանի իրավունքները։ Ստորին դատարանն այնուհետ չեղյալ է հայտարարել Հայոց պատրիարքարանի ունեցվածքի սառեցված կարգավիճակը։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի թուրք փաստաբան Ալի Էլբեյօղլուն «Ակոս» թերթին ասել է, որ պատրիարքարանը այժմ երկու տարբերակ ունի. կա՛մ կնշանակի Թուրքիայի քաղաքացու՝ որպես իր ներկայացուցիչ Թուրքիայում, որպեսզի տնօրինի գույքը, ինչպես դա եղել է մինչ բռնագրավումը, կամ դրանք կկառավարվեն Երուսաղեմից։

Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը 1973 թվականին բռնագրավել է Երուսաղեմի պատրիարքարանի ունեցվածքը՝ Օսմանյան կայսրության ժամանակ ստեղծված Մար Յակուփ հայկական եկեղեցու հիմնադրամը որակելով որպես չգործող։

Տարիների ընթացքում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի բռնագրավված ունեցվածքի մեծ մասը վաճառվել է երրորդ անձանց՝ առանց պատրիարքարանին որևէ փոխհատուցման։

Մնում է սպասել, թե Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն ինչ է անելու վերականգնված գույքի և վաղուց երրորդ անձանց վաճառված գույքի դիմաց փոխհատուցում ստանալու համար։

Վերլուծական