Aysor.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչից, որին ԱԱԾ-ն այսօր ձերբակալել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով:
Դպրոցի աշակերտներից մեկի ծնողը պատմել է, որ ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աղջիկ երեխաներին, սակայն աշակերտները վախեցել են այդ մասին բարձրաձայնել:
Ըստ ծնողի` ի վերջո, աշակերտները որոշել են տեսանկարահանել ուսուցչին, որ փաստեր ունենան: ԱԱԾ-ն էլ փաստերի հետքերով այսօր ներխուժել է դպրոց ու դասի ժամին գետնին տապալել ուսուցչին, ապա ձերբակալել:
Ծնողը նշել է նաև, որ դպրոցի տնօրենը շոկի մեջ է կատարվածից, քանի որ իր ղեկավարած դպրոցը միշտ հայտնի է եղել որպես օրինակելի դպրոց:
ՀՀ քննչական կոմիտեն արդեն հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցներից մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։