Հետևեք մեզ։

Ուսուցիչը մոտենալու է համակարգչին, իր առջև բացվելու է թեստի տարբերակը, ունենալու է նաև թուղթ և գրիչ․ Նիկոլ Փաշինյանը՝ էլեկտրոնային ատեստավորման ամսին

16:05, 10 հոկտեմբեր 2024
Ուսուցիչը մոտենալու է համակարգչին, իր առջև բացվելու է թեստի տարբերակը, ունենալու է նաև թուղթ և գրիչ․ Նիկոլ Փաշինյանը՝ էլեկտրոնային ատեստավորման ամսին

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրա­մադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում»:

 

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` տեղեկացնելով, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը փորձնական կարգով մեկնարկել է 2021 թվականին:

 

«Վերլուծելով նախորդ տարիների փորձը՝ որոշակի փոփոխություններ են կատարվել կարգում՝ բարելավելով թե՛ ընթացակարգը, թե՛ թեստերը, և թե՛ այլ բաղադրիչներ: Ատեստավորումն իրականացվում էր թղթային եղանակով, ինչը բազմաթիվ բարդություններ և ժամանակային խնդիրներ էր առաջացնում ուսուցիչների համար: Այս փոփոխություններով կամավոր ատեստավորումը կանցկացվի էլեկտրոնային եղանակով, որի արդյունքում էապես կկրճատվի առաջադրանքների լուծման, պատասխանները ձևաթղթում անցկացնելու վրա ծախսվող ժամանակը՝ միաժամանակ նվազեցնելով հնարավոր տեխնիկական վրիպակներն ու անճշտությունները»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ սա նաև լրացուցիչ միջոց է խրախուսելու ուսուցիչների` տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները:

 

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կատարված փոփոխություններով նկարագրվել է ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով կամավոր ատեստավորման անցկացման ընթացակարգը:

 

«Նոր ձևաչափը նաև հնարավորություն կտա, որ ուսուցիչը թեստն ավարտելուց հետո անմիջապես տեսնի արդյունքը, և այդ պահին արդեն պարզ կդառնա, թե նշված հարցերից քանիսին է ճիշտ պատասխանել: Սա նաև ավելի մեծ թափանցիկություն է հաղորդում գործընթացին: Կատարված փոփոխություններով հստակեցվել են բողոքարկման ընթացակարգերը և էլեկտրոնային մեխանիզմի ներդրման հետ կապված այլ աշխատանքները: Բացի դրանից՝ հստակեցվել է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց հանրակրթական դպրոցներում ներդրվող նոր առարկաների ուսուցիչների ատեստավորման հնարավորությունը, մասնավորապես՝ «Ինֆորմատիկա» առարկան փոխարինվել է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայով, և այս բոլոր փոփոխություններն արտացոլված են կարգում: Հստակեցվել է նաև, թե ինտեգրված առարկաների պարագայում կոնկրետ որ առարկաներից ուսուցիչները կարող են դիմել ատեստավորմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ կարգում կատարվել են նաև մի շարք այլ փոփոխություններ՝ հաշվի առնելով նախորդ տարիներին կազմակերպված կամավոր ատեստավորման փորձը:

 

Պատասխանելով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին՝ նախարարը տեղեկացրել է, որ էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս յուրաքանչյուր ուսուցչի համար գեներացնել թեստային առաջադրանքները. դրանք, ըստ էության, նույնական են բոլոր մասնակիցների համար:

 

«Քիմիայի կամ, օրինակ, կենսաբանության ուսուցիչների համար թեստերը նույն մոտեցումն ու տրամաբանությունն ունեն՝ նույն բարդության խնդիրներով, սակայն հարցերի հաջորդականությունը տարբեր է, ինչը նշանակում է՝ թեստերը ոչ մի ուսուցչի մոտ չեն կրկնվում: Ուսուցիչը մոտենալու է համակարգչին, իր առջև բացվելու է թեստի իր տարբերակը: Բնականաբար, ուսուցիչն ունենալու է նաև թուղթ և գրիչ անհրաժեշտ նշումների համար»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ թեստի առավել մանրամասն արդյունքները հասանելի կդառնան մեկ օրվա ընթացքում, որի հիման վրա ուսուցիչները կարող են նաև բողոքարկել դրանք:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ որոշման ընդունմամբ ատեստավորման գործընթացն այսուհետ իրականացվելու է բացառապես էլեկտրոնայի՞ն եղանակով, և արդյոք համակարգը լիարժեք փորձարկվել է:

 

«Քանի որ սա առաջին տարին է, կարգում չենք բացառել ատեստավորման իրականացման թղթային տարբերակը: Այս տարվա աշխատանքի արդյունքների ամփոփումից հետո կհասկանանք, թե որքանով է անհրաժեշտ զուգահեռ պահել նաև թղթային տարբերակը: Երևանում և ՀՀ բոլոր մարզերում նախատեսվում է ունենալ քննական 35 կենտրոն: Համակարգի փորձարկման ժամանակ մանրամասն՝ կետ առ կետ, քննարկվել են բոլոր դետալները: Ընդ որում՝ ուսուցիչների համար ևս դժվարություններ չեն լինի, քանի որ նախքան ատեստավորումն ուսուցիչները կունենան էլեկտրոնային համակարգի թեստային տարբերակը, որպեսզի նախքան ատեստավորման գալը փորձեն հասկանալ, թե հարցերն ինչպես են ձևակերպված, նշումներն ինչպես պետք է կատարել և այլն»,- ի պատասխան նշել է ԿԳՄՍ նախարարը:

 

Նա նաև տեղեկացրել է, որ քննական կենտրոններում տեխնիկական մասնագետներ կլինեն, որոնք կաջակցեն ուսուցիչներին:

 

Նախարարը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 30-ին ավարտվել է կամավոր ատեստավորման այս տարվա դիմումների ընդունման գործընթացը. դիմել են շուրջ 6000 ուսուցիչ և մանկավարժի որակավորմանը համապատասխանող, սակայն համակարգում չաշխատող քաղաքացիներ, որոնք կամավոր ատեստավորումն անցնելուց հետո հիմնականում աշխատանքի են անցնում դպրոցում: Այս տարի ատեստավորման գործընթացը կմեկնարկի նոյեմբերի 9-ից: