ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանն այսօր խորհդարանում հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու հայ-ադրբեջանական բանակցություններին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հակադարձեց Գեղամ Մանուկյանին, թե ինչո՞ւ ինքն էլ վաղը չէ մյուս օրը իրենց հետ չի գալիս Թուրքիա։
«Ուրեմն վաղը չէ մյուս օրը, գիտեք, մենք Սևծովյան պատվիրակության անդամներով մեկնում ենք Թուրքիա՝ Անկարա, որտեղ բավականին բարդ օրակարգ է մեզ սպասվում։ Եւ այդ պատվիրակության անդամ եք նաև Դուք։ Հիմա Դուք հարցնում եք՝ Ռուբեն Ռուբինյանն ինչո՞ւ է գնում, ես էլ Ձեզ հարցնում եմ՝ բա Դուք ինչո՞ւ չեք գալիս։ Գայիք, շատ լավ ամբիոն է, ձեր բոլոր մտահոգությունների մասին բարձրաձայնեիք, լիքը խնդիրներ կան, օգնեիք, որպեսզի մենք մեր տեսակետը տանեինք առաջ։ Սա ուղիղ վերաբերում է ձեր պարտականություններին։ Խնդրում եմ ասեք՝ ինչո՞ւ վաղը չէ մյուս օրը մեզ հետ, մեր պատվիրակությամբ Թուրքիա չեք գալիս»,-ասաց Բաբկեն Թունյանը, ինչին ի պատասխան՝ Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքեց, սակայն չլսվեց, թե ինչ է ասում։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ