2024 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Բոմբա» անվամբ ակումբի հարակից տարածքում մարդատար «Գազել» մակնիշի տրանսպորտային միջոց է կողաշրջվել, որի հետևանքով կան տուժածներ:
Պարզվել է, որ միջմարզային տրանսպորտ հանդիսացող և ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենան, դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորակը։ Դրա հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ են ստացել և 3 տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել նշված տրանսպորտային միջոցի վարորդը և 7 ուղևորներ, որոնցից մեկը ճանապարհին մահացել է։ Եվս մեկ ուղևոր վթարի հետևանքով մահացել է տեղում։
Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձևավորվել է քննչական խումբ։
8 ուղևորները ճանաչվել են տուժող, նրանց վերաբերյալ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում վթարի պատճառները, դրան նպաստած հանգամանքները պարզելու ուղղությամբ։