Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բանավոր դիտողություն է հայտարարել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և կարճել վարչական վարույթը՝ ՀՅԴ-ին ուղղված նվիրատվության մի մասը նվիրատուին չվերադարձնելու կամ պետական բյուջե չվճարելու վերաբերյալ։
Մասնավորապես, ԿԿՀ-ն հիմք ընդունելով ՀՅԴ կուսակցության 2022թ տարեկան հաշվետվության ստուգման և աուդիտի արդյունքում վերհանված տվյալները, պարզել է, որ 2022թ․ ընթացքում Կուսակցության կողմից չի պահպանվել «Կուսակցությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ֆիզիկական անձի կողմից կուսակցությանը տրվող, օրենքով սահմանված սահմանաչափը գերազանցող նվիրատվություններ ստանալուց հետո՝ երկու շաբաթվա ընթացքում կուսակցության համար սահմանված նվիրատվության գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ նվիրատվության գերազանցող մասը կամ նվիրատվությունն ամբողջությամբ նվիրատուին վերադարձնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պետական բյուջե փոխանցելու պահանջը։
Սաղաթելյանը 2024թ․ սեպտեմբերի 9-ին գրությամբ հայտնել է, որ Կուսակցությունն ընթացիկ ֆինանսական խնդիրներ լուծելու նպատակով 2022թ․ վերցրել է փոխառություններ, որոնց համար կնքվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ և 878-րդ հոդվածների պահանջներից բխող գրավոր փոխառության պայմանագրեր։
ԿԿՀ-ն որոշել է ազատել Սաղաթելյանին վարչական պատասխանատվությունից և հայտարարել բանավոր դիտողություն՝ կարճելով վարույթը։
Փաստինֆո-ի հաղորդմամբ՝ ԿԿՀ այս որոշումն Իշխան Սաղաթելյանը վիճարկել է դատական կարգով։ Նա հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԿԿՀ-ի՝ պահանջելով վերացնել այն։ Հայցը մակագվել է դատավոր Կարեն Զարիկյանին։