Բելառուսի Պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցով գտնվում է Ադրբեջանում։ Այցը կազմակերպվել է 2024 թվականի երկկողմ համագործակցության ծրագրին համապատասխան, գրում են տեղական լրատվամիջոցները։
Այցի շրջանակում բելառուսական պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչություն։ Բելառուսական պատվիրակությանը ներկայացվել են ինժեներական զորքերի գործունեության հիմնական ուղղությունները։
Հանդիպմանն Ադրբեջանի ինժեներական զորքերի գլխավոր վարչության ղեկավար, գեներալ-մայոր Անար Քերիմովը հյուրերին տեղեկացրել է ականազերծման աշխատանքների ընթացքի մասին։ Այնուհետև քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարները և այդ ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու առաջարկները։
Հյուրերը եղել են նաև ադրբեջանական ինժեներական զորքերի զորամասում, ծանոթացել ինժեներական ստորաբաժանումներում սպասարկվող զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի նմուշներին։