Հետևեք մեզ։

Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենայի գործը մեռած վիճակում է, Դավիթ Սարգսյանի գործը նախաքննության փուլում է. իրավապաշտպան

01:02, 11 հոկտեմբեր 2024
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենայի գործը մեռած վիճակում է, Դավիթ Սարգսյանի գործը նախաքննության փուլում է. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռոման Երիցյանը իրազեկել է մի շարք դատական գործերի ընթացքի մասին.

 

«Ալբերտ Առստամյանի գործը (խնձոր նետող պապիկի գործ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Առաջին դատական նիստը նշանակված է սույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում։

 

Արմեն Մնացականյանի գործը (իշխանության զավթման գործ) գտնվում է նախաքննության փուլում։ Թեմայի շուրջ շատ մանրամասներ հայտնել, ցավոք, չեմ կարող։ 

 

Դավիթ Սարգսյանի գործը (Ստեփանակերտի քաղաքապետի գործ) դեռևս գտնվում է նախաքննության փուլում։ Նշված գործով նախաքննությունը կարող է տևել առավելագույնը մինչև 2025 թվականի հունվար ամիսը։ Սարգսյանի կալանքն ու տնային կալանքը վերադաս ատյանների կողմից ճանաչվել էին ոչ իրավաչափ, ինչի հիման վրա նա ազատ է արձակվել։

 

Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում՝ մեռած վիճակում։ Որևէ մեկին, այդ թվում՝ Ս․Շահրամանյանին նշված վարույթով մեղադրանք չի առաջադրվել։

 

Արցախի նախագահի հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթն առայժմ շարունակում է մնալ նախաքննության փուլում։ Այնուամենայնիվ, Ա․Դանիելյանի նկատմամբ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որոշում։

 

Եղբորս՝ Արամ Երիցյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Նրա նկատմամբ որևէ խափանման միջոց այդպես էլ չի ընտրվել, իսկ նրա կալանավորումը մերժելու վերաբերյալ երկու տարբեր դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է։

 

Երվանդ Աղաբալյանի վարույթով անցնող այլ մեղադրյալների գործը (հունիսի 12 -ի գործ) գտնվում է դատական քննության փուլում։ Հերթական դատական նիստը նշանակված է սույն թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին Երևանի քրեական դատարանի Աջափնյակ 1 նստավայրում»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

 

 

Վերլուծական