Ի տարբերություն Ֆրանսիայի, ՄԱԿ-ի և այլն, Ռուսաստանը գտնվում էր տեղում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի ժողովրդի նկատմամբ:
Այս մասին ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման պահանջով ակցիայի ժամանակ։
«Պետք է փաստենք այն հանգամանքը, որ այսօր Բաքվում ապօրինաբար պահվող 23 ռազմագերիներից կամ պատանդառված անձանցից 18-ը գերեվարվել են Արցախում այն ժամանակ, երբ Արցախում տեղակայված է եղել ռուսական խաղաղապահ զորակազմը։ Այսինքն, նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին։ Սա շեշտադրում եմ՝ ընդգծելու համար այն կարևորը դերը, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է և պետք է ստանձնի հայ ռազմագերիների, պատանդառված անձանց վերադարձի համար, նաև օգտագործելով Բաքվի հետ ունեցած իր հարաբերությունները»,-ասել է Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ 23 ռազմագերիներին և պահվող անձանցից 5-ը 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարվածներն են։ Նրանք են 2020-ի հոկտեմբերին ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների ժամանակ գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը, Արցախ օգնություն տեղափոխող՝ «Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանը և նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը, ինչպես նաև լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը։