Հետևեք մեզ։

Կյանքից հեռացել է էստրադային երգչուհի Զառա Տոնիկյանը․ նրա մահվան լուրը հայտնի է դարձել մեկ ամիս անց

14:14, 11 հոկտեմբեր 2024
Կյանքից հեռացել է էստրադային երգչուհի Զառա Տոնիկյանը․ նրա մահվան լուրը հայտնի է դարձել մեկ ամիս անց

71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը: Երգչուհու մահվան լուրը հաղորդել է Երգի պետական թատրոնը, ինչպես նաև արվեստագետ Կարեն Հակոբյանը:  

 

«Զառան այլեւս մեզ հետ չէ՝ ինչպես գեղեցիկ կապույտ երազ, անկրկնելի էություն... Միշտ իմ սիրո եւ աղոթքների մի մասը... Ես չգիտեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել, ես պարզապես իմացա, որ նա այլեւս չկա... Արդեն մեկ ամիս… Մեկ ամիս»,- գրել է Հակոբյանը։

 

Տոնիկյանը նվել է Երևանում: 1970-ական թվականների սկզբին երգարվեստում սկսել է ակտիվ գործունեություն ծավալել: 1974թ. Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում և հաղթել: Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբում: Բազմաթիվ անգամ հանդես է եկել Մոսկվայի հեռուստատեսության «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում և ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան Կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված խորհրդաշվեդական ծրագրում` Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Սաթյանի և այլ կոմպոզիտորների երգերով: 1992թ․ տեղափոխվել է Բելգիա, որտեղ շարունակել է ստեղծագործել: Բելգիայում առաջին մենահամերգը կայացել է 1994թ., Կորտրեյկ քաղաքի ջազ-ակումբում: Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հայտնի բեմերում, մասնակցել մի շարք փառատոների: 

 

Զարկ հիմնադրամի կայքում նշվում է, որ Տոնիկյանը մահացել է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին Բելգիայում, լրատվական դաշտում այդ մասին հրապարակում չի եղել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները