Հետևեք մեզ։

Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ. ԿԳՄՍ նախարար

19:04, 11 հոկտեմբեր 2024
Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի պատվիրակությանը՝ ԵԺԿ խորհրդի անդամ, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին գործերի հանձնաժողովի նախկին նախագահ Էլմար Հայնրիխ Բրոքի գլխավորությամբ:

 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսը, պատվիրակության այլ անդամներ:

 

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովին: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությունը:

 

ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի համատեքստում Ժաննա Անդրեասյանը շեշտադրել է խաղաղության կրթության ուղղությամբ աշխատանքների իրականացման կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը կարող է դառնալ խաղաղության կրթության գաղափարի տարածման միջազգային հարթակ: