Հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ Եվրամիության արտգործնախարարները նախատեսում են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ սեպտեմբերի 6-ին Իրանը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայում մարտական գործողություններում օգտագործելու համար։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է հայտարարությունները՝ Թեհրանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու մասին։
«Մոսկվայի և Թեհրանի երկկողմ համագործակցությունը Ուկրաինայի հակամարտության հետ կապելու ցանկացած փորձ արվում է Արևմուտքի կողմից Կիևին զենքի շարունակական մատակարարումն արդարացնելու նպատակով»,- ասել է Քանանին։