ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հարց է բարձրացրել, թե որքանով է իրականանալի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում կարգավորման ծրագիրը։ Ռուս քաղաքական գործչի կարծիքով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է առաջարկել ամերիկացուն համաձայնել Ուկրաինայի կապիտուլյացիային։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Մեդվեդևն իր անգլալեզու X (նախկին Twitter) հաշվում մեջբերել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնի խոսքերը, ով ենթադրել է, որ Թրամփը, զանգահարելով Պուտինին, կհայտարարի, որ «արդեն բավական է»։ Ամերիկացի նախկին նախագահն ինքը պարծենում էր, որ կավարտի Ուկրաինայի հակամարտությունը բառացիորեն մի քանի օրում կամ նույնիսկ ժամերում։
«Իսկ ի՞նչ, եթե Պուտինն ասի՝ ոչ հիմա։ Ուկրաինան պետք է կապիտուլյացիայի ենթարկվի և չմիանա ՆԱՏՕ-ին», - հարց է բարձրացրել Մեդվեդևը։
ԱՄՆ-ում նոյեմբերի սկզբին տեղի կունենան նախագահական ընտրություններ, և ուկրաինական հակամարտության թեման դարձել է քարոզարշավի թեմաներից մեկը։ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Դոնալդ Թրամփը մատնանշում է ներկայիս դեմոկրատական վարչակազմի՝ Ուկրաինային աջակցելու գծի սխալականությունը, ինչպես նաև այն համարում է ոչ շահավետ Վաշինգտոնի համար։
Նախընտրական միջոցառումների ընթացքում Թրամփը բազմիցս ընդգծել է պոտենցիալ ընտրողների առջև իր դիվանագիտական հմտությունները և ԱՄՆ-ի շահի համար ցանկացած կողմի հետ փոխգործակցելու պատրաստակամությունը։ Մասնավորապես, թեկնածուն խոստացել է հաղթանակի դեպքում կարգավորել ուկրաինական հակամարտությունը դեռ մինչև երդմնակալությունը։ Իր խաղաղ ծրագրի մանրամասները Թրամփը հրաժարվել է նշել։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սպեկուլյացիաների շարքին է դասել այն դատողությունները, թե արդյոք Թրամփը կարող է միջնորդ դառնալ Ուկրաինայում կարգավորման հարցում։