Հետևեք մեզ։

Մենք պետք է շարունակաբար բարձրացնենք մեր կառույցի գրավչությունը․ տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի առիթով հրավիրված հանդիսավոր միջոցառումը (տեսանյութ)

23:19, 11 հոկտեմբեր 2024
Մենք պետք է շարունակաբար բարձրացնենք մեր կառույցի գրավչությունը․ տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի առիթով հրավիրված հանդիսավոր միջոցառումը (տեսանյութ)
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի առիթով հրավիրված հանդիսավոր միջոցառումը, Քննչական կոմիտեն ներկայացրել է ՔԿ նախագահի ելույթը․ 
 
«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,
Սահմանադրական դատարանի հարգարժա՛ն նախագահ,
Օրենսդիր և գործադիր իշխանությունների հարգարժա՛ն անդամներ,
Դատաիրավական համակարգի հարգարժա՛ն գործընկերներ,
Քննչական կոմիտեի սիրելի՛ ծառայողներ և համակարգի վետերաններ,
2024 թվականը հոբելյանական է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համար. համակարգը հանդիսավորությամբ նշում է իր կազմավորման 10–ամյակը՝ տարիներ, որոնց ընթացքում կառույցն անցել է կայացման յուրօրինակ շրջափուլ և արձանագրել հաջողություններ։
 
 
Անկախ պետականության հռչակմանը հաջորդած տարիներին մեր երկրում սկիզբ առան դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված գործընթացներ, որոնց նպատակն էր իրավունքի գերակայության վրա հիմնված պետականության կայացումը։ Այդ նպատակի իրագործման համար անցած տարիներին հաղթահարվել են բազմաթիվ դժվարություններ, դատաիրավական համակարգում կատարվել են նշանակալի բարեփոխումներ, որոնք կայուն հիմքեր են ստեղծել մեր երկրում այդ ոլորտն իրավական պետության պահանջներին համապատասխանեցնելու համար։
 
 
Թույլ տվեք հակիրճ ներկայացնել Կոմիտեի կազմավորման պատմաքաղաքական նախադրյալները և կառույցի անցած 10–ամյա ճանապարհի հիմնական իրողություններն ու ձեռքբերումները:
 
 
1995 թվականի` Հայաստանի Սահմանադրության ընդունման պահին երկրում գործում էր ՀԽՍՀ քրեական դատավարության` 1961 թվականի օրենսգիրքը: Այն նախաքննական լիազորություններ էր վերապահում դատախազության, ներքին գործերի և ազգային անվտանգության մարմինների քննիչներին։ 1998 թվականին ընդունվեց քրեական դատավարության նոր օրենսգիրք, որով մինչդատական վարույթ իրականացնող մարմինների նույն համակարգը ստացավ օրենսդրական ամրագրում։ Տարիներ անց՝ 2005 թվականին, Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով վերացվեց դատախազության նախաքննական գործառույթը, որը փոխանցվեց ոստիկանության, պաշտպանության նախարարության և մաքսային ու հարկային մարմինների քննչական ստորաբաժանումներին։
 
 
 
 
Հետագայում, ընդհուպ մինչև 2014 թվականը, նախաքննական մարմինների կառուցվածքը և լիազորությունների շրջանակն էական փոփոխություններ չեն կրել։ Այդուհանդերձ, մինչդատական վարույթի իրականացման պրակտիկայի վերլուծությունը վկայում էր, որ գործադիր իշխանության մարմիններում նախաքննական լիազորությունների կենտրոնացումը որոշ դեպքերում հանգեցնում էր գերատեսչական շահերի սպասարկման, ինչը չէր կարող չանդրադառնալ նախաքննության անկողմնակալության վրա։
 
 
Նշված իրողություններն անխուսափելի էին դարձնում նախաքննությունը գերատեսչական ենթակայությունից դուրս բերելու և անկախ նախաքննական մարմին ստեղծելու անհրաժեշտությունը։ Հանգուցալուծումը երկար չտևեց. ստեղծվեց միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով, որի կողմից մշակվեց և արդեն 2014 թվականի մայիսի 19–ին ընդունվեց «Քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով ամբողջական իրավական կարգավորման ենթարկվեցին նորաստեղծ մարմնի գործունեությունը, դրանում ծառայության անցնելու կարգն ու պայմանները, ծառայողների իրավունքներն ու պարտականությունները։
 
 
Քննչական կոմիտեն, ըստ էության, կազմավորվեց ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական ստորաբաժանումների հենքի վրա։ Միասնական քննչական մարմին ձևավորելու հայեցակարգային նպատակը այսքանով իրացված համարվել չէր կարող և Քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման ու ընդունման աշխատանքներին զուգահեռ խորհրդարանը ձեռնամուխ եղավ Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումների գործառույթները Քննչական կոմիտե տեղափոխելու գործընթացին։ 2021 թվականի հունիսի 30–ին օրենսգիրքն ընդունվեց, իսկ դրա նախօրեին՝ խորհրդարանը փոփոխություններ կատարեց «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքներում, որոնց ուժով հարկային և մաքսային համակարգերի, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների քննիչները, համապատասխանաբար 2023 թվականի և ընթացիկ տարվա հունվարի 1-ից, տեղափոխվեցին Քննչական կոմիտեի համակարգ։ Բացի այդ, դատավարական օրենսգրքի կարգավորումների ուժով չեղարկվեց հետաքննության գործառույթը, և հետաքննիչների հաստիքները ևս տեղափոխվեցին Կոմիտեի համակարգ։ Հաջորդիվ, Կոմիտեի կառուցվածքում ձևավորվեցին Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունն ու Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունը՝ իրենց կառուցվածքով և հաստիքային միավորներով։
Տեղի ունեցող գործընթացները միանգամայն համահունչ էին նախաքննական մարմինները գործադիր իշխանության համակարգից դուրս բերելու ռազմավարական նպատակին և հատկանշական է ընդգծել, որ ասվածի իրագործումը հնարավոր դարձավ միայն վերջին տարիներին՝ մեր երկրում զարգացող ժողովրդավարական բարեփոխումների աննախադեպ գործընթացների արդյունքում:
 
 
Անցնող ժամանակը վկայում է, որ միասնական քննչական մարմնի գաղափարը նպաստում է նախաքննության կազմակերպման և իրականացման սկզբունքների ու մեթոդների միասնականացմանը, քննչական ապարատի կառուցվածքի կատարելագործմանը, և որպես նշվածի հետևանք՝ քննչական ստորաբաժանումների գործունեության համակարգման մակարդակի բարձրացմանը. հանգամանքներ, որոնք հուսալի երաշխիքներ են ապահովում նախաքննության արդյունավետության բարձրացման համար։
 
 
Նախաքննական մարմինների համակարգի բարեփոխումների արդյունքում այսօր հանրապետությունում գործող 2 նախաքննական կառույցները՝ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները, հետևողական աշխատանք են իրականացնում մինչդատական վարույթը դատավարական նոր կարգավորումներին համապատասխան կազմակերպելու և իրականացնելու ուղղությամբ:
 
 
Մեծարգո՛ Վարչապետ,
հարգելի՛ ներկաներ,
Անդրադառնալով այսօրվա քննիչի սոցիալական երաշխիքներին՝ շնորհակալությամբ պետք է արձանագրեմ, որ 1 տարուց ավելի է, ինչ Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխության արդյունքում, գրեթե կրկնապատկվել է համակարգի ծառայողների աշխատանքի վարձատրությունը, նույն կերպ շեշտակի աճել է նաև՝ Քննչական կոմիտեի ծառայողների կենսաթոշակը և նվազեցվել է կենսաթոշակի անցնելու տարիքը, ինչի հետևանքով նկատելիորեն աճել է Կոմիտեում ծառայության գրավչությունը։ Վերջին շրջանում կրկնակի ավելացել է աշխատանքի ընդունվելու համար Քննչական կոմիտե դիմողների թիվը, որն իր հերթին հնարավորություն է տվել ներդնելու համակարգում ծառայության անցնելու ցանկություն ունեցողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների, նրանց հոգեբանական ու բարոյական որակների ստուգման ու գնահատման ավելի բարձր չափորոշիչներ։
 
 
Քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացմանն էր միտված նաև՝ Կառավարության ընթացիկ տարվա մայիսին ընդունված որոշմամբ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրումը։ Այն հնարավորություն է տալու բարձրացնել քննիչների կողմից ապացուցողական և վարութային այլ գործողությունների իրականացման ընթացքում ցուցաբերվող փորձաքրեագիտական օժանդակության արդյունավետությունը, ինչպես նաև ապահովել ավելի արագ նախաքննության իրականացում։
 
 
Թույլ տվեք անդրադառնալ նաև Քննչական կոմիտեի նպատակներին և ապագայի տեսլականներին։ Քննչական կոմիտեի ամենավեհ նպատակը համարում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ավելի արդյունավետ ծառայությունների մատուցումը։ Յուրաքանչյուր անձ, ով դիմում է իրավապահ համակարգին` վստահություն է հայտնում պետությանը, պետք է արագ և որակյալ ծառայություններ ստանա այդ համակարգից։ Քրեական վարույթներով օրենքով պաշտպանված շահ ունեցող անձինք պետք է հուսախաբ չլինեն։
 
 
Քննչական կոմիտեի ապագայի մեր տեսլականն է ավելի արագ և որակյալ նախաքննության ապահովումը, իսկ ինչպե՞ս մենք կարող ենք ավելի արագ և արդյունավետ նախաքննություն իրականացնել՝ որակյալ կադրեր ունենալով, սա է մեր առաջնահերթությունը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Քննչական կոմիտեն կարողանանք համալրել որակյալ կադրերով, մենք պետք է շարունակաբար բարձրացնենք մեր կառույցի գրավչությունը։
 
 
Հարգելի՛ ներկաներ,
Իր պատմության երկրորդ տասնամյակ Քննչական կոմիտեն թևակոխում է որպես զարգացման ու կատարելագործման ուղին բռնած համակարգ։ Այս արձանագրմանը հնարավոր է եղել հասնել համակարգի նվիրյալների անձնվեր ու պատվախնդիր աշխատանքի շնորհիվ։ Տոնական այս օրը ցանկանում եմ շնորհակալության և երախտագիտության ջերմ խոսքեր ուղղել պարո՛ն վարչապետ Ձեզ՝ Քննչական կոմիտեի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար, Կոմիտեի ստեղծման և կայացման գործում անուրանալի ավանդ ունեցող անձանց, համակարգի վետերաններին և, իհարկե, իրենց ամենօրյա աշխատանքով կառույցի հեղինակությունն ու բարի համբավը կերտող արժանապատիվ ծառայողներին՝ կարևորելով բոլորի ներդրումը Կոմիտեի կայացման և համակարգում աշխատանքային բարի ավանդույթների ձևավորման գործում։
 
 
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբ, մաղթում` քաջառողջություն, երջանկություն, տոկունություն և անբասիր ծառայություն՝ ի նպաստ մեր պետականության հետագա ամրապնդման ու մեր երկրի անվտանգ ապագայի։
 
 
Աստված պահապան մեր ինքնիշխան պետականությանը և կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը»։