Հետևեք մեզ։

Նշվել է Գորիսի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակը

21:37, 11 հոկտեմբեր 2024
Նշվել է Գորիսի պետական քոլեջի հիմնադրման 100-ամյակը
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին,  նշվել է Գորիսի պետական քոլեջի 100 ամյակը։ Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,  Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, բազմաթիվ հյուրեր։
 
 
Մարզպետի տեղակալը նշել է, որ Գորիսի պետական քոլեջը ոչ միայն Սյունիքի, այլև հանրապետության միջին-մասնագիտական ուսումնական հաստատությունների մեջ հնագույններից մեկն է։
 
 
«Քոլեջը մեր մարզի ու, առհասարակ, տարածաշրջանի կրթական ոլորտի սկզբնավորման, զարգազման, կայացման մեջ իր ուրույն տեղն ու դերն ունի, և որ ամենակարևորն է՝ երիտասարդները հնարավորություն են ունեցել և ունեն կրթություն ստանալ, մասնագիտություն ձեռք բերել տեղում՝ առանց մարզից հեռանալու, որը ևս մեկ գրավական է, որ կմնան ու կաշխատեն ծննդավայրում։ Գիտենք, որ քոլեջն իր տարեգրության սկզբնավորման տարիներին նախ առաքելություն է ունեցել մանկավարժական կադրեր պատրաստել մեր հանրակրթական ուսումնական հաստատությունների համար, ու այդ դերը պատվով է կատարել»։
 
 
Նա հոբելյանի կապակցությամբ շնորհավորեց բոլորին, ովքեր աշխատել ու աշխատում են, ովքեր սովորել ու սովորում են այստեղ, շնորհակալության ու երախտագիտության խոսքեր հղեց նրանց, ովքեր այս հարյուրամյա ընթացքի մեջ ղեկավարել են քոլեջը, այն դասախոսներին ու վարչական աշխատակիցներին, ովքեր իրենց ավանդն ունեն քոլեջի կայացման, անսասան երթի ու զարգացման գործում։
 
 
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է քոլեջի ուսանողական և դասախոսական անձնակազմին և երկարամյա վաստակ ունեցող աշխատակիցներին նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնել։
 
 
Օրվա կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր են հղել նաև Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանը, հասարակական գործիչ Գագիկ Հայրումյանը, ուսանողներ։
 
 
Հոբելյանական միջոցառման հյուրերին ներկայացվել են նաև գեղարվեստական կատարումներ, առաջին անգամ հնչել է քոլեջի հիմնը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները