Հետևեք մեզ։

Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային հոսպիտալ

10:32, 12 հոկտեմբեր 2024
Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային հոսպիտալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 11-ին այց է իրականացրել Լոռու մարզ: 

Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է ունեցել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ:

Քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ 

Անահիտ Մանասյանն իր հանձնառությունն է հայտնել քննարկված հարցերը մանդատի շրջանակում լուծելու տեսանկյունից:

Անահիտ Մանասյանն այցելել է Լոռու կայազորային հոսպիտալ:  

Հոսպիտալի տնօրեն Խորեն Ազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարվել տարածքով, ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման հարցերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող զինծառայողների հետ: 

Բուժանձնակազմի հետ քննարկվել են բուժառու զինծառայողների բուժման ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցերը: Բուժում ստացող զինծառայողները ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Վանաձորում հանդիպում է անցկացրել նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  

Քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը: 

«Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը գնահատում եմ չափազանց կարևոր և արդյունավետ: Ինձ համար առանցքային է անձամբ քաղհասարակությունից լսել իրավունքների առնչությամբ խնդիրները և միասին քննարկել դրանց լուծման ուղիները»,- ասել է Անահիտ Մանասյանը: 

 Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների անդամների, կանանց, ազգային փոքրամասնությունների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: 

 Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և ընդգծել, որ մի շարք խնդիրներ հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով:

Վերլուծական