Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովին: Նա նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի տեղ չի նշվում, որ «Հայաստանի Հանրապետության որևէ ինքնիշխան իրավասություն որևէ կերպ սահմանափակվելու է կամ որևէ այլ երկիր վերահսկողություն է սահմանելու Հայաստանի Հանրապետության 1 քմ տարածքի վրա»։
Ըստ Փաշինյանի՝ սա ընդհանրապես չի կարող լինել։
«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթում կան տարբեր ասպեկտներ, քանի որ եռակողմ հայտարարության մեկ կետը չի կարող առանձին դիտարկվել։
Հիմա եկեք նայենք կետերին. Որտե՞ղ է այժմ Լաչինի միջանցքը, որտե՞ղ են այն խաղաղապահները, որոնք, ըստ եռակողմ հայտարարության, պետք է տեղակայվեին Լեռնային Ղարաբաղում, որտե՞ղ է եռակողմ հայտարարության յոթերորդ կետը, որտեղ ասվում է, որ ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների տարածք՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո, ինչո՞ւ ներքին տեղահանվածներն ու փախստականները չեն վերադառնում Լեռնային Ղարաբաղ։
Այս ամենը բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։ Ինչո՞ւ դա տեղի չի ունենում»,- ասել է Փաշինյանը։