Հետևեք մեզ։

Բաքուն խմբագրե՞լ է արցախցի գործիչների քրեական գործը

14:45, 12 հոկտեմբեր 2024
Բաքուն խմբագրե՞լ է արցախցի գործիչների քրեական գործը

Բաքուն խմբագրումնե՞ր է արել արցախցի քաղգործիչների դեմ կեղծ հոդվածներով հարուցված քրեական գործում, թե՞ խնդիրն այլ տեղում է։

 

Ադրբեջանի դատախազությունը երեկ հաղորդեց, որ երկարացրել է 2023-ի սեպտեմբերից Ադրբեջանում ապօրինի գերության մեջ գտնվող Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի և այլոց, թվով 14 անձի կալանքի ժամկետը։

 
Նշվում է, որ կալանքի երկարացման որոշումը կայացվել է Բաքվի Բինագադիի շրջանային դատարանում գլխավոր դատախազության քննչական վարչության և գլխավոր դատախազի ներյացրած միջնորդությունների հիման վրա։


Երեկ արված հայտարարության մեջ Դատախազությունը նշել է, որ սույն «քրեական գործով» մեղադրանք է առաջադրված 14 անձի։ Միևնույն ժամանակ դատախազության հայտարարության մեջ չի նշվում ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունը։


Նույն դատախազությունը որոշ ժամանակ առաջ արած իր հայտարարություններում նշում էր, թե այդ գործով մեղադրանք է առաջադրված 15 անձի, և թեև չի հայտարարվել, որ Ռուբեն Վարդանյանի գործը առանձին է քննվում, սակայն նրա վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը տրամադրվել է առանձին։ Հարկ ենք համարում նշել, որ սա առաջին հայտարարությունն է, որում առանձին չի նշվում Լյովա Մնացականյանի անունը։ 

 

«Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի և այլոց կալանքի ժամկետը երկարացվել է»,-բառացիորեն ասված է երեկվա հայտարարության մեջ։


Նշենք, որ պաշտոնապես հաստատված տվյալներով Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի և պահվող անձ, որոնցից 5-ը 2020 թվականին գերեվարվածներն են։

 

 

Դիանա Կարապետյան

Վերլուծական