Հետևեք մեզ։

Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին. Ռուբինյան

16:44, 12 հոկտեմբեր 2024
Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին. Ռուբինյան

Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում անցկացվող պանելային քննարկմանը: 

«Թուրքիայում սխալ ընկալում կա, թե հայկական սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման ճանապարհին: Բազմիցս ապացուցվել է, որ դա այդպես չէ։ Այդպես չի եղել 2010-ականների սկզբին, երբ այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությունն իր կիզակետում էր, երբ արձանագրությունները ստորագրվեցին: Հայաստանի կառավարությունն այն ժամանակ պատրաստ էր առանց նախապայմանների անմիջապես նորմալացնել հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասաց Ռուբինյանը: 

Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում կա մեկ խոչընդոտ՝ Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունը: 

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացը մնա երկու պետությունների միջև գործընթաց:

Ռուբինյանը վերահաստատեց, որ անգամ վաղը Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը: