Եվրամիությունը ջանում է կյանքի կոչել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման գործընթացը, որն այժմ տեխնիկական աշխատանքների փուլում է: Այս մասին հայտնում է Արմենպրես-ը։
Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:
«Մեկ ամիս առաջ Երևանում ազդարարվեց գործընթացի մեկնարկը, և հիմա պետք է աշխատենք, որ վիզաների ազատականացումը դառնա իրականություն: Այս ուղղությամբ կատարվում է տեխնիկական աշխատանք: Այս ամենը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների վրա, նպաստելու է Հայաստանի դիմակայունության աճին, տնտեսական զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային կապերի հաստատմանը, խաղաղությանն ու հարաբերությունների նորմալացմանը: Հատկապես վիզաների ազատականացումը շատ դրական ազդեցություն է ունենալու մարդկանց միջև կապերի զարգացման և հաստատման իմաստով»,- նշեց Մարագոսը:
Նա հիշեցրեց, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, խաղաղության հաստատման, Հայաստանի և տարածաշրջանի զարգացումն ու բարեկեցությունն ապահովելու համատեղ հանձնառության վրա, ինչպես նաև միտված է միջազգային կարգուկանոնի հետ կապված այն հիմունքների վերականգնմանը, որոնք այսօր լուրջ հարվածներ են կրում:
«Կարևոր է ներգրավել բոլոր առկա ռեսուրսները, որպեսզի կարողանանք իրականություն դարձնել և կյանքի կոչել այս տեսլականը: Դրա համար, գուցե, տարիներ պահանջվեն, բայց, երբ կա հստակ տեսլական, միասին կհասնենք հաջողության»,- եզրափակեց նա: