Հետևեք մեզ։

Լեհաստանը ժամանակավորապես կդադարեցնի ապաստանի իրավունք տրամադրել Բելառուսի հետ լարվածության ֆոնին

18:30, 12 հոկտեմբեր 2024
Լեհաստանը ժամանակավորապես կդադարեցնի ապաստանի իրավունք տրամադրել Բելառուսի հետ լարվածության ֆոնին

Լեհաստանը նախատեսում է ժամանակավորապես դադարեցնել ապաստանի իրավունքի գործողությունը անլեգալ միգրացիայի սահմանափակման ռազմավարության շրջանակում Բելառուսի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, որին Վարշավան մեղադրում է միգրանտներին իր սահմանով անցկացնելու մեջ, տեղեկացրել է Reuters-ը։

 

«Միգրացիոն ռազմավարության տարրերից մեկը կլինի ապաստանի իրավունքի ժամանակավոր տարածքային դադարեցումը։ Ես կպահանջեմ դա, ես կպահանջեմ, որ Եվրոպայում ճանաչեն այդ որոշումը։ Որովհետեւ մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է այն օգտագործվում Լուկաշենկոյի, Պուտինի... մաքսանենգների, մարդկանց առեւտրով զբաղվողների կողմից, ինչպես է ապաստանի այդ իրավունքը օգտագործվում հենց ապաստանի իրավունքի էության դեմ»,- ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր լիբերալ Քաղաքացիական կոալիցիայի կազմակերպած կոնգրեսում։

 

Տուսկը հայտնել է, որ միգրացիոն ռազմավարությունը կներկայացնի կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում, ընտրությունների առաջին տարեդարձի օրը, որոնք նրա գլխավորած կոալիցիան իշխանության բերեցին։

 

2023թ. դեկտեմբերին պաշտոնն ստանձնելու պահից Տուսկը կոշտ քաղաքականություն է վարում միգրացիայի դեմ։ Այդ ռազմավարությունը լայն հանրային աջակցություն է վայելում, բայց տագնապեցրել է ակտիվիստներին, որոնք հուսով էին, որ նա կհրաժարվի նախորդ՝ ազգայնական վարչակազմի մոտեցումից։