Բելգիայի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ բելգիացի գործարար Բերթրանդ Վերկաերենը նշանակվել է Ֆլանդրիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ Հավաստագրերը Երեւանում Վերկաերենին է հանձնել Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։
Բրյուսելում Արմենպրես-ի թղթակցի հետ զրույցում Բերթրանդ Վերկաերենը նշել է, որ այս նշանակումը մեծ հպարտություն եւ, միեւնույն ժամանակ, մեծ պատասխանատվություն է։ «Բելգիայի հայ համայնքի հետ ծանոթ եմ արդեն 12 տարի։ Բիզնեսում իմ գործընկերը՝ Տիգրան Կասաբյանը, հայ է․ միասին ընկերություն ենք ղեկավարում։ Հայերի հանդեպ իմ ընկերական վերաբերմունքն ու մեծ հարգանքը միշտ առկա են եղել, բայց երբեք չեմ մտածել դրանից անդին անցնելու մասին։
Երբ Հայաստան-Բելգիա առեւտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն առաջին անգամ հարցրեց, թե արդյոք հետաքրքրված կլինե՞մ նման պաշտոն ստանձնել, մի պահ կանգ առա ու մտածեցի։ Ոչինչ չգիտեմ այդ պաշտոնի մասին, կինս էլ ասաց՝ ինչ ուզում ես արա, բայց քաղաքականությամբ չզբաղվես»,- ասել է պատվավոր հյուպատոսը։