Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Աշխաբադում հայտարարել է, որ Հայաստանի հարաբերությունների խորացումը Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հետ միտված է ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, ինչպես նաև երկրի պաշտպանունակության ու անվտանգության ամրապնդմանը, որն ուղղված չէ որևէ մեկի դեմ:
Հայաստանի նախագահն այս մասին ասել է Արմենպրես-ին տված հարցազրույցում՝ գնահատելով Հայաստան-Եվրոպական միություն և Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունների ներկա մակարդակը:
Անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակին՝ նախագահը նկատեց, որ քաղաքական առումով բավականին մեծ առաջընթաց կա, իրականացվում են լրջագույն ծրագրեր:
«Այդ ծրագրերը հիմնականում ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու հաստատմանը: Ինչքան էլ, որ մենք մեզ համարում ենք ժողովրդավարական երկիր, ինչն այդպես էլ կա, այդ ժողովրդավարական երկրում ապրելու համար մենք մեզ համար պայմաններ պետք է ստեղծենք, որոնց ստեղծողը ժողովրդավարական ինստիտուտներն են, կառավարական և ոչ կառավարական ինստիտուտների մասին է խոսքը», - նշեց ՀՀ նախագահը՝ հավելելով, որ այդ առումով շատ մեծ աշխատանք է տարվում Հայաստանի և Եվրամիության միջև:
Նա նաև վստահություն հայտնեց, որ այդ աշխատանքն իր արդյունքը կտա, և պետք է այնպես անել, որ Հայաստանի ժողովրդավարացման այս ամբողջ ճանապարհն անդառնալի լինի, որտեղ էլ Երևանն աջակցության կարիք ունի՝ միաժամանակ նաև Միացյալ Նահանգներից:
ՀՀ նախագահը Եվրոպական միության և Միացյալ Նահանգների հետ համագործակցության համատեքստում մեծ կարևորություն հատկացրեց նաև խորհրդարանական համագործակցությանը, քանի որ դա ևս քաղաքական համակարգի ձևավորման վրա թողնելու է էական ազդեցություն:
Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև օրակարգը շատ լայն է՝ միտված նաև ՀՀ անվտանգության ամրապնդմանը։ Նախագահը հիշեցրեց Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգտվելու ծրագիրը, որը միտված է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։