Օրենքով սահմանված չեն վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնին նշանակված եւ ազատված անձի լիազորությունների ստանձման եւ դադարեցման պահը կանոնակարգող հարաբերությունները: Գործող օրենքով Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում եւ դադարեցնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը մայիսի 2-ի ԱԺ լիագումար նիստում` ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։
Հիմնական զեկուցողը նշել է, որ օրենքը լրացվել է նոր կետով, ըստ որի` հանրային պաշտոնում նշանակելու, հանրային պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
Փոխնախարարը նշել է, որ տեխնիկական շտկումն անհրաժեշտություն է, քանի որ բացթողումն օրենսդրության մեջ տարատեսակ մեկնաբանությունների ու տարբեր շահարկումների տեղիք է տալիս:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարուխանյանը կոչ է արել կողմ քվեարկել նախագծին: