Հետևեք մեզ։

Գյումրիում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը

22:06, 12 հոկտեմբեր 2024
Գյումրիում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը

Գյումրիում հոկտեմբերի 12-ին տոնական տրամադրությամբ մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  քաղաքի տարբեր մշակութային կառույցներում ցուցադրություններով, համերգներով և վարպետաց դասերով ներկայացված էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված լավաշը, խաչքարը, դարբնությունը և դուդուկը։ 

 

Փառատոնի մեկնարկն ազդարարվեց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում, որտեղ ներկայացվեց լավաշ թխելու ավանդական գործընթացը։  

 

«Երբ տարեսկզբին դարբնությունն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, գաղափար առաջացավ Գյումրիում ունենալ փառատոն, քանի որ ցանկում ընդգրկված բոլոր բաղադրիչները շատ համահունչ էին Գյումրիին․ խաչքարագործությունը, որի ամենամեծ համքարությունները Գյումրիում են, դուդուկը, որի հրաշալի վարպետներ է տվել Գյումրին։ Ունենք թռչնատառերի ու զարդարվեստի հրաշալի արվեստանոցներ, «Սասունցի Դավիթ» էպոսի պատումներից մեկը փոխանցված է Կարնո բարբառով։ Եվ երբ այս բոլոր բաղադրիչները ամբողջացրեցինք, ունեցանք այս փառատոնը»,-նշեց Գյումրու համայնքապետարանի Երիտասարդության ու մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ հավաստելով, որ հաջորդ տարիներին կունենան ավելի մեծամասշտաբ փառատոն։

Միջոցառումը ավարտվեց Գյումրիի կենտրոնական հրապարակում՝ միասնական շուրջպարով՝ Գյումրու պարային խմբերի մասնակցությամբ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները