Հետևեք մեզ։

Կանադայում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն

10:51, 14 հոկտեմբեր 2024
Կանադայում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Կանադայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

 

Իր ելույթում Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանն առանձնանշեց հայ-կանադական հարաբերությունների վերընթաց զարգացման և խորացման փաստը, ինչն արտահայտվում է ՀՀ-ին ցուցաբերվող Կանադայի աջակցությամբ՝ թե՛ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, թե՛ տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ՀՀ քաղաքականությանը։

 

Այս համատեքստում կարևորվեց նաև ՀՀ-ում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացումը։ Դեսպան Հարությունյանն առանձնահատուկ ընդգծեց միջազգային հանրության գործնական ներգրավվածության անհրաժեշտությունը հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն երաշխավորելու նպատակով։ ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Կանադայի հայ համայնքի ծանրակշիռ դերակատարությանը Հայաստանի բարգավաճման և հայ-կանադական կապերի առաջմղման գործում։

 

Միջոցառումների պատվավոր մշակութային հյուրը՝ կանադահայ հանրահայտ երաժիշտ, կիթառահար Լևոն Իշխանյանը, հանդես եկավ հայկական երաժշտության հատընտիր կատարումներով։ Վերջինիս հետ իրենց կատարումներով ելույթ ունեցան նաև կանադացի դաշնակահար Մարկ Ֆերգյուսոնը և կանադահայ երգչուհի Թալին Իշխանյանը։

 

Ընդունելության օրերին անցկացվեց Լևոն Իշխանյանի կիթառների հավաքածուի ցուցահանդես։ Միջոցառումներին ներկա էին Կանադայում գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների բազմաթիվ ղեկավարներ, կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, Քվեբեկում ՀՀ պատվավոր հյուպատոս Լևոն Աֆեյանը, հայ համայնքի, ինչպես նաև հասարակական ու մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։