Հետևեք մեզ։

Այդ ամենը ինձ հետ չպետք է տեղի ունենար. այդքան մեդալներ նվաճելուց հետո գալիս է մեկն ու վերցնում ամենը. Հռիփսիմե Խուրշուդյան. «Արմենպրես»

11:09, 14 հոկտեմբեր 2024
Այդ ամենը ինձ հետ չպետք է տեղի ունենար. այդքան մեդալներ նվաճելուց հետո գալիս է մեկն ու վերցնում ամենը. Հռիփսիմե Խուրշուդյան. «Արմենպրես»

Կանանց ծանրամարտը Հայաստանում տարիների ընթացքում առավել մեծ հետաքրքրություն սկսեց առաջացնել, և հիմա ծանրամարտով զբաղվում են երկու անգամ ավելի շատ աղջիկներ, քան մոտ 15 տարի առաջ էր: Հայկական ծանրամարտում բեկումնային եղան երկու անուններ` Հռիփսիմե Խուրշուդյան, Նազիկ Ավդալյան:

 

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հռիփսիմե Խուրշուդյանը խոսել է կարիերան ավարտելու որոշման, անցած բազմաբովանդակ ճանապարհի ու մարզաձևի առանձնահատկությունների մասին:

 

-Հռիփսիմե, սկսելով ամենասկզբից` ինչպե՞ս եղավ ձեր «ծանոթությունը» ծանրամարտի հետ և ո՞վ էր այն մեկն, ով Ձեզ բերեց ծանրաձողին մոտ:  

 

-Քույրս է եղել այն մեկն, ով ինձ «ծանոթացրել է» ծանրամարտի հետ: Նա է եղել այն շարժառիթը, որ զբաղվեմ ծանրամարտով: Ծնողներիցս թաքուն նա էր հաճախում ծանրամարտի: Դասերից հետո ուշ էր տուն գալիս, ես էլ հետաքրքրվեցի, թե այդ ո՞ւր է գնում: Հետո նա ինձ իր հետ տարավ, ու ես էլ հետևում էի միայն դռան արանքից: Եվ մարզիչն, ում հետ առաջինը սկսեցի աշխատել` Սարմեն Եսայանը, տեսնելով ինձ դռան արանքից հետևելիս` կանչեց ներս: Հետո տվյալներս ստուգեց` ձեռքերս, արմունկներս, որոնք ամենակարևորն են ծանրամարտում։ Ստուգելուց հետո ասեց, որ ներուժ ունեմ պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու: Մարզիչը խոսեց ծնողներիս հետ, բայց մայրս դեմ էր, հարազատներս դեմ էին, միայն հայրս էր, որ աջակցեց ինձ: Առաջին մրցումներին  էլ մասնակցել եմ Փաշիկ Ալավերդյանի շնորհիվ: Այն ժամանակ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը Իշխան Զաքարյանն էր: Հարց էր առաջացել, թե ինչո՞ւ պետք է գնամ մրցումների, և ընկեր Փաշիկն ասել էր, որ Հռիփսիմեն պետք է գնա ու ունակ է մեդալ բերելու: Նա ասել էր, որ կհեռանա մարզաձևից, եթե ես չկարողանամ մեդալ բերել։ Շատ լավ էր, որ կարողացա մեդալով վերադառնալ:  

 

-Դուք առաջին կին ծանրորդներից էիք, որ դեմ գնացիք հասարակական այն կարծիքին, թե «ծանրամարտը կնոջ մարզաձև չէ» և մնացիք` ապացուցելով, որ կինը ևս կարող է ուժեղ լինել, կինը կարող է մնալ կանացի ու զբաղվել այս մարզաձևով: Որքանո՞վ էր դժվար այդ ճանապարհն անցնելը: 

 

-Իսկապես շատ դժվարությունների առաջ եմ կանգնել այդ ճանապարհին: Բոլորն ասում էին, որ հետագայում մայրանալու հարց կա, և ծանրությունն աղջկա համար չէ: Գիտես, նույնիսկ պահեր էին լինում մարզումներից հետո, որ երկմտում էի՝ գուցե, մյուսները ճիշտ են: Սակայն, ոչ: Եթե ուզում եք, որ ձեր անունը մնա սպորտում, պետք է առաջ գնաք: Ու նպատակ էլ կար, որ ծանրամարտով զբաղվող աղջիկները շատանան:  

 

-Շատ երկար քննարկվեց  դոպինգ սկանդալը, բայց դա արդեն անցյալում է, իսկ ժողովուրդը շարունակում է Ձեզ սիրել: Եկեք բացենք փակագծերը: Ի՞նչ տեղի ունեցավ և ո՞րն էր այն սխալը, որը չպետք է արվեր:

 

-Ես մինչև օրս ասում եմ, որ այդ ամենը ինձ հետ չպետք է տեղի ունենար: Այդքան տանջանքներից, այդքան մրցաշարերում մեդալներ նվաճելուց հետո գալիս է մեկն ու վերցնում ամենը: Բոլորի համար դա անցյալ է, սակայն ինձ համար մնում է ցավոտ թեմա: Ցավոք, այլևս չեն ասում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյան, այլ պարզապես՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Շատ մեծ ափսոսանք ունեմ:

 

-Եթե հնարավորություն ունենայիք կարիերայում  ինչ-որ բան փոխելու,  ի՞նչը  կփոխեիք:

 

-Միայն 2016 թվականի այդ չարաբաստիկ խոսքը՝ «դուք որակազրկված եք»:

 

-Ո՞րն է ծանրամարտի գեղեցկությունը, որը տեսանելի է Ձեզ համար, քանի որ ամեն օր մարզաձևի մեջ եք:

 

-Միշտ կա մեդալի հակառակ կողմը: Ոչ մեկ չի տեսնում այն տանջանքը, որի միջով մենք անցնում ենք մինչև մեդալին հասնելը: Կարծում եմ` գեղեցկությունը նրանում է, որ փառքի հասնելուց հետո բոլորին գեղեցիկ ձևով ցույց ես տալիս այն դժվարությունները, որոնց միջով անցնել ես: