«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի մասին, նշեց, որ իր պատկերացմամբ այն պետք է լիներ տրիբունալ, ոչ թե ով ցանկանար՝ մասնակցեր աշխատանքներին, ով չուզեր՝ հրաժարվեր։
«Մեզ պետք էր տրիբունալ, որ քններ ոչ միայն սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ինչ է եղել, այլ քննեն, թե դրանից առաջ ինչ է եղել, դրանից մի քանի տարի առաջ ինչ է եղել, որ մենք չունենանք էն կորուստները, որ ունեցանք։
Այս ամբիոնից մի բան էլ խնդրեմ բոլորին։ Մարդկային և տարածքային կորուստ ունենալը ծանր բան է, բայց ամենավատ բանը ոչ թե նա է, որ մենք լավ չենք հետաքննում, այլ որ մենք այս մեր կորուստը ուզում ենք շահարկել։ Կորուստը ոմանք ուզում են դարձնել առաջ շարժվելու միջոց, ոմանք օգտագործում են վշտի մեջ գտնվող մարդկանց։ Բոլոր քաղաքական ուժերին խնդրում եմ՝ վշտի, հոգեկան տարբեր դաշտում գտնվող հերոսի ծնողներին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ»,-ասաց նա։