Հետևեք մեզ։

Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

17:08, 14 հոկտեմբեր 2024
Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: 

 

Նախարարը շնորհավորել է դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ երկկողմ ծրագրերի և օրակարգի իրականացման: 

 

Քննարկվել են` 

ընթացիկ ծրագրերը,

փորձագիտական մակարդակով հարաբերությունների  ամրապնդումը,

կարողությունների զարգացումը: 

 

Նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում բարեփոխումների օրակարգը, անդրադարձել  առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխմանը և դրա շրջանակներում նախատեսվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը: 

 

«Ակնհայտ է, որ ապահովագրության ներդրումը ձեռնտու է բոլորին: Գերմանիայում նույնպես առողջապահական, սոցիալական հարցերը մշտապես օրակարգում են և բյուջեի հիմնական մասնաբաժինն են կազմում: Սա մեծ բարեփոխում է` ուղղված գրպանից ծախսերը կրճատելուն, և կարծում եմ, բոլոր քաղաքացիները կօգտվեն դրանից»,-նշել է դեսպանը: 

 

Որպես համագործակցության ուղղություն` Անահիտ Ավանեսյանն առանձնացրել է Նորածինների լսողության սքրինինգի ծրագիրը` ուղղված լսողության բնածին կորստի վաղ հայտնաբերմանը: Սքրինինգի փուլերի հաջորդականության ապահովման նպատակով նախարարը դեսպանի հետ քննարկել է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ արտադրող գերմանական ընկերությունների հետ համագործակցելու հնարավորությունը, քանի որ վաղ ախտորոշումն ապահովում է նաև պետության կողմից փոխհատուցվող կոխլեար իմպլանտացիայի պոտենցիալ հնարավորությունը շատ վաղ տարիքում:

 

Նախարարը կարևորել է նաև ուռուցքաբանական հիվանդությունների և բարդ դեպքերի վարման նպատակով հայ և գերմանացի մասնագետների միջև փորձի փոխանակման ծրագրերի ընդլայնումը: