Հետևեք մեզ։

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցն արդեն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

18:11, 14 հոկտեմբեր 2024
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցն արդեն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցն արդեն տնօրենի նոր պաշտոնակատար ունի, նա ներկայացվել է դպրոցի ուսուցիչներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի պետ Մարգարիտա Խաչատրյանը։
 
 
«Դպրոցում տեղի ունեցածը չէր կարող պատճառ լինել տնօրենի պաշտոնակատարի նշանակման, բայց որոշակի հետևանք կար։ Չեմ նշի, թե ինչու չի նշանակվում այն մասնագետը, որը դպրոցի համար թեկնածու է համարվում։ Տարբեր պատճառներից ելնելով։ Քրիստինե Դումանյանն է ժամանակավոր պաշտոնակատարը, բայց սա չի նշանակում, որ նա վերջնական տնօրենն է։ Մրցութային գործընթաց է, ինքը և շատ հավակնորդներ կարող են դիմել ու մասնակցել դրան»,– ասաց Խաչատրյանը։
 
 
Դպրոցի ուսուցիչները նշանակման մասին տեղեկացել են սոցցանցերից։ Նրանք դեմ են տնօրենի նոր պաշտոնակատարի թեկնածությանը, քանի որ չեն ճանաչում նրան. նախընտրում են, որ դպրոցի ներսից ու հենց իրենց թեկնածուն լինի` Վերոնիկա Բաբաջանյանը, որը նախկին տնօրենի աղջիկն է։ 
 
 
«Այս գործընթացը չի ենթադրում, որ պետք է որևէ մեկի կարծիքը լսենք. քաղաքապետի որոշումն է։ Բնականաբար, նշանակված անձը սկսելու է աշխատել ուսուցիչների և ծնողների հետ։ Աշխատանքային գործընթաց է, հանդարտ մթնոլորտում է ընթացել, որևէ քննադատություն չի հնչել։ Այժմ ընդունման-հանձնման նախնական փուլն է, ներկայացված է պաշտոնակատարը, մնացածն էլ` հաջորդիվ»,– նշել է Խաչատրյանը։
Դպրոցը արդեն տնօրենի պաշտոնակատար ուներ՝ Լարիսա Մովսիսյանը։ Քաղաքապետարանի պաշտոնակատարը վստահեցրել է, որ պարտականությունների կատարումը վերապահված էր Լարիսա Մովսիսյանին, սակայն վերջինս առողջական խնդիրների պատճառով նշանակման հաջորդ օրվանից չի կարողացել աշխատանքի ներկայանալ։