Հետևեք մեզ։

Օտար երկրների համար պլացդարմ ստեղծելը սարսափելի հետևանքներ կունենա. Փեզեշքիան

20:35, 14 հոկտեմբեր 2024
Օտար երկրների համար պլացդարմ ստեղծելը սարսափելի հետևանքներ կունենա. Փեզեշքիան

Իրանի նախագահը Ադրբեջանի Հանրապետությանը զգուշացրել է տարածաշրջանում օտար պետությունների համար ռազմահենադաշտ ստեղծելու սարսափելի հետևանքների մասին, գրում է իրանական Tasnim գործակալությունը։

 

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը հաստատել է Իրանի հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։

 

Իրանը պնդում է, որ ոչ մի պետության ինքնիշխանությունը չպետք է անտեսվի, ասել է Փեզեշքիանը, սակայն զգուշացրել է, որ տարածաշրջանում օտար պետությունների համար ռազմահենադաշտ ստեղծելը տարածաշրջանի երկրների շահերից չի ​​բխի:

 

«Մենք հավատում ենք, որ համագործակցության միջոցով կարող ենք ապահովել անվտանգություն և լուծել մեր խնդիրները։ Դա Իրանի Իսլամական Հանրապետության վարչակազմի սկզբունքային քաղաքականությունն է, որը միշտ ընդգծել ենք»,- հավելել է Փեզեշքիանը:

 

Նա կոչ է արել հեշտացնել առևտուրը իսլամական երկրների միջև՝ հայտարարելով, որ  անվտանգության ամրապնդման, խաղաղության խթանման կամ պետությունների միջև հարաբերությունները զարգացնելու համար սահմանների երկայնքով պատեր կառուցելու անհրաժեշտություն չկա:

 

Փեզեշքիանը ողջունել է նաև Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ցամաքային ուղիների ընդլայնման նախաձեռնությունները՝ հայտարարելով, որ Թեհրանը ձգտում է զարգացնել համագործակցությունը Բաքվի հետ տարբեր ոլորտներում, մասնավորապես էներգետիկ և գյուղատնտեսության բնագավառում: