Հետևեք մեզ։

1992-ին որդիս ծնվեց` Ստեփանակերտը ռմբակոծում էին. չհասցրի շիրիմին գնալ, գնամ ասեմ`Ղարաբաղը չկա, ինչի համար ես կյանքդ տվել. նահատակված հերոսի մայր. Forrights.am

20:04, 14 հոկտեմբեր 2024
1992-ին որդիս ծնվեց` Ստեփանակերտը ռմբակոծում էին. չհասցրի շիրիմին գնալ, գնամ ասեմ`Ղարաբաղը չկա, ինչի համար ես կյանքդ տվել. նահատակված հերոսի մայր. Forrights.am

31 ամյա Սամվել Թովմասյանը երեք մանկահասակ երեխաների հայր էր, ծնվել ու մեծացել էր Մարտունու շրջանի Թաղավարդ-Կալեր գյուղում, որը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել էր շրջափակման մեջ։ Նա մահացել է 2023-ի սեպտեմբերի 20-ին՝ հրադադարի մասին հայտարարությունից 10 րոպե առաջ։ Նրա շիրիմը մնացել է Արցախում, գրում է Forrights.am-ը:

 

«Բեկորի վնասվածք է եղել։ Իր ընկերը դուրս է եկել, ինքը մահացել է, ասել է՝ մեր հողն է, այնքանը տվել ենք, սա է՞լ տանք։ Ամսի 22-ին հուղարկավորել ենք Կարմիր շուկայում։ Լույս չկար, երեկոյան ժամը 21:00-ին։ Երկու օր անց ասացին, որ պետք է հեռանանք։ Չգիտեինք, թե ինչ վերցնենք, ինչ թողնենք։ Ասացին, որ զինվորական հագուստը պետք է այրենք, փաստաթղթերն ասացին չվերցնենք, որ մեքենաները ռենտգեն են անելու։ Տղայիս զինվորական գրքույկը, մեդալը դրել էինք մահճակալի տակ, չգիտեինք՝ պահենք, թե այրենք… հետո դուրս ենք եկել։ Այդ ժամանակ Սարուշենն արդեն վերցրել էին։ Նգիով գնացինք, թուրքերը այնտեղ կանգնած էին ավտոմատները ձեռներում… Չհասցրի նրա գերեզմանը գնալ։ Ասացին, որ թուրքերն արդեն մտնում են… շատ էինք իրար հետ կապված, 44-օրյա պատերազմին դժվարությունները որ հաղթահարել էր, մտածում էի՝ իր հետ էլ ոչ մի բան չի պատահի։ Որ օրը պոստ էր կանգնում, մեզ ասում էր՝ հանգիստ քնեք։ Ամենադաժան բանը զավակի կորուստն է։ Երեւի 20 տարի ավել ես ծերանում… գալիս են ասում՝ ուժեղ կաց, հերոսի մայր ես, բայց դժվար է… ասում են՝ հպարտ ման եկ, գլուխդ բարձր պահիր… բայց հիմա լացելու տեղ էլ չկա.. գնամ , հասնեմ, ասեմ՝ Ղարաբաղը չկա, ինչի՞ համար ես կյանքդ տվել… Ղարաբաղը չկա», -պատմել է մայրը:

 

Մայրը նշել է, որ որդին ծնվել էր 92 թվականին՝ Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ. «Երբ ծնվեց, բուժքույրը գրկեց տարավ նկուղ, Ստեփանակերտը ռմբակոծում էին։ Կռվի ժամանակ ծնվեց, երեսուն տարի հետո պատերազմում զոհվեց…Ասում են, որ ժամանակը բուժում է վերքերը, բայց դա սուտ է, վերքը մնում է վերք, ցավը՝ ցավ»։

 

Մանրամասները սկզբբաղբյուր կայքում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները