Հետևեք մեզ։

Երևանի ավագանին 87 քաղաքացու համար սահմանեց գույքահարկի արտոնություններ

12:45, 15 հոկտեմբեր 2024
Երևանի ավագանին 87 քաղաքացու համար սահմանեց գույքահարկի արտոնություններ

Երևանի 87 քաղաքացու համար սահմանվել են անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ։ Այս մասին որոշման նախագիծը քննարկվել է Երևանի ավագանու այսօրվա նիստում։

 

Նշվում է, որ արտոնությունները կկիրառվեն Արցախյան և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամների, Արցախյան և ՀՀ պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամների համար, որոնք անշարժ գույքի հարկով և/կամ փոխադրամիջոցի գույքահարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունը և/կամ փոխադրամիջոցը ձեռք են բերել մինչև Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված (կամ նրանց ընտանիքի անդամներին) անձանց համար:

 

Վերոնշյալ խմբերում ներգրավված անձինք կազատվեն Երևանում սեփականության իրավունքով պատկանող և անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների և փոխադրամիջոցի գույքահարկի գծով հաշվարկված առկա հարկային պարտավորությունների և հաշվարկված տույժի վճարումից, որը կազմում է 4 միլիոն 670 հազար 287  ՀՀ դրամի։

 

Անշարժ գույքի հարկ և փոխադրամիջոցի գույքահարկ վճարողի փոխարեն վճարումները կկատարվեն համայնքի բյուջեից: