Հետևեք մեզ։

Մենք համաձայնության ենք եկել խաղաղության պայմանագրի 16 կետի շուրջ, պատրաստ ենք կնքել այն թեկուզ այսօր․ Ալեն Սիմոնյան

13:49, 15 հոկտեմբեր 2024
Մենք համաձայնության ենք եկել խաղաղության պայմանագրի 16 կետի շուրջ, պատրաստ ենք կնքել այն թեկուզ այսօր․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։
 

«Տիկի՛ն նախագահ,

 

Պարո՛ն գլխավոր քարտուղար,

 

Ձե՛րդ գերազանցություններ,

 

Հարգելի՛ գործընկերներ,

 

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

 

Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովում ու քննարկել գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կենսական դերն ավելի խաղաղ ու կայուն ապագայի ձեւավորման գործում:

 

Հայաստանի համար՝ երկրի, որը կանգնած է աշխարհաքաղաքական բարդ մարտահրավերների առջեւ, գիտության եւ տեխնոլոգիաների կիրառումը ոչ միայն տնտեսական աճ է, այլեւ ազգային անվտանգություն, կենսունակություն եւ կայուն զարգացում:

 

Քանի որ գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարության կիրառումը կարող է օգտագործվել նաեւ ի վնաս մարդկանց ու լինել մարտահրավեր մեր նպատակներին հասնելու ճանապարհին, մեր ընտրությունն է օգտագործել այն առավելագույն սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական աճ ստանալու համար՝ միաժամանակ վերացնելով թերություններն ու խնդիրները:

 

Հայաստանի առանցքային առաջնահերթություններից է վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Տարվա 270 արեւային օրերի շնորհիվ մեր երկիրը կարող է արեւային էներգիան դարձնել էներգետիկ ռազմավարության կենտրոնական մասը: Մենք մտադիր ենք մինչեւ 2030 թվականը եռապատկել արեւային էներգիայի արտադրությունը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնվազն 15 տոկոսը վերականգնվող աղբյուրներից: Անցումը մաքուր էներգիայի նվազեցնում է մեր կախվածությունը հանածո վառելիքներից եւ պակասեցնում ջերմոցային գազերի արտանետումները՝ նպաստելով կայուն զարգացմանը:

 

Գիտությունն ու տեխնոլոգիաները կարեւոր դեր են խաղում Հայաստանի ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման եւ կլիմայի փոփոխության հետ կապված ռիսկերի նվազեցման գործում: Այս ոլորտներում առաջընթացը լուծումներ է առաջարկում մեր առջեւ դրված խնդիրներին՝ գյուղատնտեսության արտադրողականության բարձրացումից մինչեւ բնական աղետների դեմ պայքարի բարելավում: Խելացի կերպով կիրառելով այս տեխնոլոգիաները՝ մենք ոչ միայն պաշտպանում ենք շրջակա միջավայրը, այլեւ ավելի լավ ապագա ենք ապահովում հաջորդ սերնդի համար:

 

Հարգելի՛ գործընկերներ,

 

Կարեւոր է կիրառել հուսալի տեխնոլոգիական լուծումներ: Հայաստանը, ինչպես եւ շատ այլ երկրներ, կենտրոնացած է ածխաթթու գազի արտանետումների նվազեցման, ռեսուրսների պահպանման եւ բնապահպանական պատասխանատվության մշակույթի խթանման վրա: Դա հավաքական ջանք է, եւ մենք բոլորս պետք է նպաստենք մեր մոլորակի պաշտպանության համար տեխնոլոգիական առաջընթացի խելացի օգտագործման ապահովմանը:

 

Գիտությունն ու տեխնոլոգիաները նաեւ խաղաղաշինության հզոր գործիքներ են: Գիտական նորարարությունները կարող են օգնել մեզ բավարարել մարդկանց կարիքները՝ սկսած բնական ռեսուրսների շուրջ հակամարտությունների նվազումից մինչեւ մարդու իրավունքների պաշտպանություն: Այդ նպատակին հասնելու համար Հայաստանը ձգտում է օգտագործել տեխնոլոգիաները:

 

Ինչ վերաբերում է խաղաղության հաստատմանը, ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են: Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ:

 

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին:

 

Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է:

 

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար:

 

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր:

 

Շնորհակալություն»։