Կրեմլը պարզաբանել է, թե արդյոք Մոսկվան կպայքարի Փհենյանի կողմից, եթե Հյուսիսային Կորեան պատերազմ գնա Հարավային Կորեայի հետ։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի համաձայնագիրը նախատեսում է «խորը համագործակցություն բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում»։
Նա հավելել է, որ համաձայնագրում տեղ գտած հայտարարությունները հստակեցնելու կարիք չկա, դրանք բավականին միանշանակ են։
Նշենք, որ հոկտեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել ԿԺԴՀ-ի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի վավերացման նախագիծը։ Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ռազմական և այլ օգնություն կողմերից մեկի վրա հարձակման դեպքում։