Հետևեք մեզ։

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իրավիճակը լարված է, աշակերտները դասադուլ են անում

12:24, 15 հոկտեմբեր 2024
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իրավիճակը լարված է, աշակերտները դասադուլ են անում

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում իրավիճակը լարված է, աշակերտները դասադուլ են անում։ Բողոքի պատճառը դպրոցում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն է։ Դպրոցի դիմաց հավաքվել են աշակերտները, որոնք իրենց ձեռքում ունեն տարբեր գրություններով պաստառներ։ Նրանցից մեկի վրա գրված է «ԲԱԲԱՋԱՆՅԱՆ»՝ նախկին տնօրենի աղջկա և դպրոցի տնօրենի՝ իրենց ցանկալի թեկնածուի ազգանունը։

 

Դպրոցի ուսուցիչները նշանակման մասին տեղեկացել են սոցցանցերից։ Նրանք դեմ են տնօրենի նոր պաշտոնակատարի թեկնածությանը, քանի որ չեն ճանաչում նրան. նախընտրում են, որ դպրոցի ներսից ու հենց իրենց թեկնածուն լինի` Վերոնիկա Բաբաջանյանը, որը նախկին տնօրենի աղջիկն է։ 
 
 
«Դպրոցում տեղի ունեցածը չէր կարող պատճառ լինել տնօրենի պաշտոնակատարի նշանակման, բայց որոշակի հետևանք կար։ Չեմ նշի, թե ինչու չի նշանակվում այն մասնագետը, որը դպրոցի համար թեկնածու է համարվում։ Տարբեր պատճառներից ելնելով։ Քրիստինե Դումանյանն է ժամանակավոր պաշտոնակատարը, բայց սա չի նշանակում, որ նա վերջնական տնօրենն է։ Մրցութային գործընթաց է, ինքը և շատ հավակնորդներ կարող են դիմել ու մասնակցել դրան»,- լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության բաժնի պետ Մարգարիտա Խաչատրյանը։
 
 

Նշենք նաև, որ օրեր առաջ ԱԱԾ-ն գործողություններ էր իրականացրել Երևանի թիվ 20 դպրոցում։ Գործողություններից քիչ անց հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Նա կալանավորվել է։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները