Հայաստանը, համաձայն միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ վերլուծական-տեղեկատվական պորտալի, 2023 թվականին ներկայացրած «Հանցավորության և անվտանգության ինդեքսի» ամփոփ տվյալների, ուսումնասիրված 142 երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ տեղը (2022 թ.՝ 8, 2018 թ.՝ 18): Այս մասին ՀՀ-ում 2019-2023 թթ. արձանագրված հանցագործությունների վերլուծության վերաբերյալ Ազգային ժողովի լսումների ընթացքում իր ելույթում ասել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Նա նշել է, որ Երևան քաղաքն իր հերթին ընդգրկվել է 20 ամենաանվտանգ քաղաքների շարքում՝ 416-ից (2018 թ.՝ 59), իսկ տարածաշրջանում առաջինն է:
««Վորդ Փոփյուլեյշն Ռեվյու» հանրահայտ կազմակերպության՝ աշխարհում հանցավորության մակարդակի վերաբերյալ վերլուծության համաձայն, Հայաստանը հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանային երկրների շարքում՝ 1-ին հորիզոնականը։
Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2023 թվականին Հայաստանի բնակչության շրջանում իրականացված հարցումների համաձայն` բնակչության կողմից հայաստանյան կառույցների աշխատանքից բավարարված լինելու հանգամանքով պայմանավորված` Ոստիկանությունը զբաղեցրել է երկրորդ տեղը, զիջելով միայն Հայ Առաքելական Եկեղեցուն:
ԵԱՀԿ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակում «Արինսայթս» անկախ հետազոտական ընկերության կողմից իրականացված հարցման արդյունքներով մայրաքաղաքի և մարզերի բնակիչների 72 %-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում։ Միևնույն ժամանակ, Ոստիկանությունը 6 իրավապահ կառույցներից շարունակում է մնալ առաջինը»,-ասել է նախարարը։