Հետևեք մեզ։

Հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարում գրանցված եզակի դեպք է․ ՆԳ նախարար

14:45, 15 հոկտեմբեր 2024
Հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարում գրանցված եզակի դեպք է․ ՆԳ նախարար

Վերջին 5 տարիների ընթացքում, պայմանավորված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող առավել համակարգային և սկզբունքային պայքարով, դեպքերի  հայտնաբերման աճը միջինում կազմել է 46,6 % (2019 թ.` 847, 2020 թ.` 872, 2021 թ.` 974, 2022 թ.` 1 717, 2023 թ․՝ 4 564)։ Այս մասին ՀՀ-ում 2019-2023 թթ. արձանագրված հանցագործությունների վերլուծության վերաբերյալ Ազգային ժողովի լսումների ընթացքում իր ելույթում ասել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։


«Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերված ընդհանուր շուրջ 1 տոննա 220 կիլոգրամ թմրամիջոցներից, միայն 2023-2024 թվականներին հայտնաբերվածից 62 կիլոգրամը եղել է սինթետիկ, որից շուրջ 24 կիլոգրամը կամ 39 %-ը հայտնաբերվել է ոստիկանության կողմից: 


Արձանագրեմ, որ թմրամիջոցների մեծ քանակ հանրապետություն ներկրվում է հարևան երկրներից և հատկապես Մեղրիի սահմանային հատվածով, որտեղ ոստիկանության իրավասությունները սահմանափակ են։


Ինչ վերաբերում է անչափահասների մասնակցությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերին, ապա վերջին 5 տարիներին, ըստ ոստիկանության հաշվառումների, թմրամիջոցների իրացման և օգտագործման համար քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված անչափահասների թիվը յուրաքանչյուր տարի չի գերազանցել  10-ը։ 


Հարկ է նշել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ թմրամիջոցների իրացման աղբյուր է դարձել նաև համացանցը, որի միջոցով իրացման դեպքերը տարեցտարի աճում են:


2021-2023 թվականներին  ընդհանուր հայտնաբերվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 631 դեպք, որոնցից 173-ը՝ իրացման, իսկ 458-ը՝ ձեռք բերելու։ 


Վերջին հինգ տարիներին արգելափակվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող շուրջ 120 համացանցային հարթակ, հայտնաբերվել է թմրամիջոցների պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, որը վերջին 10 տարիներին գրանցված եզակի դեպք է։


Փաստ է, որ նշված հանցատեսակը կրում է անդրազգային բնույթ և չի սահմանափակվում կոնկրետ երկրի սահմաններով, իսկ նման դեպքերի բացահայտելիությունն ուղղակի պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածության և մասնագիտական բարձր կարողություններով: Դրանց ձևավորման ուղղությամբ իրականացվում է համակարգային աշխատանք։ 


Ներկայումս ոստիկանությունը հասանելիություն չունի այն սոցիալական կայքերին, որոնց միջոցով հիմնականում իրականացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: 


Այս համատեքստում, հաշվի առնելով համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման զգալի աճը, քրեական ոստիկանությունում ստեղծվել է մասնագիտացված ստորաբաժանում, որի ծառայողների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման բազմադրվագ դեպքեր: 


Հարկ է նշել, որ 2023 թվականի ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների ապօրինի շրջանառության 4 564 դեպքերից 1 811-ը հայտնաբերվել են պարեկային ծառայության կողմից, ինչը վկայում է ոստիկանության արտաքին ծառայության արդյունավետության բարձրացման մասին։ Առհասարակ, հանրապետության ողջ տարածքում Պարեկային ծառայության ներդրումն իր ազդեցությունն է ունեցել հանցագործությունների հայտնաբերման գործընթացում։ Օրինակ, 2023 թվականի ընթացքում պարեկային ծառայողների կողմից հայտնաբերվել են զենք-ռազմամթերքի՝ 226, խուլիգանության՝ 168, ֆիզիկական ներգործության՝ 149, գողության՝ 131, ապօրինի ծառահատման՝ 82,  կաշառքի՝ 44 և այլ դեպքեր»,- ասել է Ղազարյանը և նշել, որ թմրամիջոցների տարածման կանխարգելման նպատակով, մշակվել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության ու դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիր, որն ի թիվս թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ավանդական գործընթացի, կթիրախավորի նաև համապատասխան շահառուների բուժման արդյունավետության բարձրացման և վերասոցիալականացման ասպեկտները: