Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը իր մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցրել և նշել, որ նրանց մուտքն այդ տարածք արգելված է։ Այս առնչությամբ Ակումբը հանդես է եկել պարզաբանմամբ։
ArmSport-ը մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել է «Նոա»-ին, որի կազմ էլ տեղափոխվել են երևանյան ակումբի պատանի սաները:
«Մեզ համար անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների այսպիսի թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը. սա դուրս է բարոյական և էթիկական բոլոր նորմերի սահմաններից։
«Նոա» ֆուտբոլային ակումբը մարզիկների գրանցումն իրականացրել է իրավական գործընթացներին համապատասխան՝ վճարելով մարզումային փոխհատուցումներ։ Մենք մեր ֆուտբոլիստների համար ապահովում ենք լավագույն պայմաններ՝ լավագույն ենթակառուվածքների ստեղծման ծրագրեր, բարձրակարգ մարզչական անձնակազմ, սպորտային տեխնիկական հագեցվածություն, վարձատրություն, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ։
Մենք պատրաստ ենք մինչև վերջ աջակցելու երեխաներին և ծնողներին՝ դատական կարգով հարցի կարգավորման համար։ Իսկ ապագայում, եթե նրանք տեղափոխվեն այլ ակումբներ և գրանցեն հաջողություններ իրենց ֆուտբոլային կարիերայում, միայն կկիսենք ուրախությունն ու կհետևենք նրանց ձեռքբերումներին»,- ասել է «Նոա» ակումբի զարգացման գծով տնօրեն Աննա Օհանյանը: