Քննչական կոմիտեն 44–օրյա պատերազմի վերաբերյալ վարույթի շրջանակում 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործ է ուղարկել դատարան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանցավորության վիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումներում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե 44–օրյա պատերազմի քրեական վարույթն ինչ ընթացքում է:
Քյարամյանը տեղեկացրեց, որ իրականում մեկ վարույթ չէ, ամենասկզբից որոշել են տարանջատել սպայական կազմի և շարքային, պայմանագրային անձնակազմի վերաբերյալ վարույթները:
«Սպայական կազմի վերաբերյալ վարույթները բերեցինք Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչություն: Քննությունը 7 ուղղությունով է ընթանում: Բոլոր ուղղություններով արդեն ավարտական տեսք ունենք: Իմ տեսանկյունից՝ բոլոր ուղղություններով ունենք վերջնական արդյունքներ: Շուրջ 600 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ գործեր ենք ուղարկել դատարան»,–ասաց Քննչական կոմիտեի նախագահը: