Հետևեք մեզ։

Բարձր դատարանի և Դեսպանության միջև ձևավորվել են, հիրավի, օրինակելի գործընկերային հարաբերություններ. Արման Դիլանյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

17:08, 15 հոկտեմբեր 2024
Բարձր դատարանի և Դեսպանության միջև ձևավորվել են, հիրավի, օրինակելի գործընկերային հարաբերություններ. Արման Դիլանյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

2024 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիեկ Մոնրոյ-Վինթերին։ 

Սահմանադրական դատարանի նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝  Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ։ Արման Դիլանյանը բարձր է գնահատել Նիդերլանդների Թագավորության դեսպանատան հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Բարձր դատարանի և Դեսպանության միջև ձևավորվել են, հիրավի, օրինակելի գործընկերային հարաբերություններ։ 

Սահմանադրական դատարանի նախագահը կարևորել է Նիդերլանդների դեսպանության հետ արդեն մի քանի տարի իրականացվող համատեղ  ծրագրերը, որոնք ուղղված են Սահմանադրական դատարանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների խթանմանը, ներքին ընթացակարգերի բարելավմանն ու  հանրային հաշվետվողականության բարձրացմանը։ 

Դեսպան Մարիեկ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վերահաստատելով դեսպանության հանձնառությունը՝  աջակցել Հայաստանի իրավական ինստիտուտներին՝ ժողովրդավարական գործընթացների իրականացման գործում։ Տիկին Մոնրոյ-Վինթերն, իր հերթին  պատրաստակամություն է հայտնել ջարքեր ներդնել՝ Բարձր դատարանի հետ արդեն իսկ ամուր հիմքերի վրա դրված համագործակցության շարունակականության ապահովման և զարգացման ուղղությամբ։   

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձերք բերվել  շարունակել համագործակցությունը՝ երկկողմ աշխատանքային խմբերի ձևաչափով։

Վերլուծական