Նախորդ քառօրյային ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ ամբիոնը «գրավելու» ակցիան շարունակություն է ունեցել։ Hayastan.news-ին ականատեսները պատմեցին, թե ինչպես են դահլիճից դուրս գալուց հետո «հայաստանցիները» հանդիմանել «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներին։
Մասնավորապես, միջանցքում բարձր տոնով խոսակցություն է տեղի ունեցել դաշնակցական Արմեն Ռուստամյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի միջև, Ռուստամյանը դժգոհել կամ կշտամբել է Մամիջանյանին, թե «հազիվ նիստերին կառուցողական աշխատում էին իշխանությունների հետ, ինչո՞ւ չնախատեսված ակցիայով փչացրին ամեն ինչ»։
Ռուստամյանը նաև դժգոհել է, որ Թագուհի Թովմասյանի ակցիայի պատճառով իրենց ելույթներից են զրկվել, որը, իհարկե, հետո կարողացել են վերականգնել։ Փորձեցինք տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ կողմերից։ Արմեն Ռուստամյանը, լսելով հարցը, սկզբում փորձեց հերքել, թե սուտ է։ Ապա չթաքցրեց, որ իր և Մամիջանյանի միջև այդ թեմայով խոսակցություն եղել է, սակայն՝ ոչ ՔՊ-ի հետ իրենց «կառուցողական հարաբերությունները փչացնելու» թեմայով։
«Նման բան չի եղել, սխալ են տեսել, սխալ են հասկացել և սխալ են մեկնաբանել։ Տենց ենթատեքստ գոյություն չունի։ Խոսել ենք իրար հետ՝ ինչպես շարունակենք, ստեղծված իրավիճակում քայլերն ի՞նչ ենք անում, որովհետև հարցեր կային մնացած, հլը հարցերը չէինք տվել, և այլն։ Խնդիրներ կային, և մենք պահանջեցինք՝ հաջորդ օրը վերականգնվեցին մեր հարցերը»,-ասաց Ռուստամյանը։
Հարցին՝ վա՞տ էր, որ Թագուհի Թովմասյանը այդպիսի ակցիա է արել, Ռուստամյանն այսպես արձանագքեց․ «Ո՞նց, ես այնտեղ եմ եղել՝ կռվի մեջ, կառուցողակա՞ն էի, հա՞»։
Ռուստամյանի հետ զրույցից մի քանի րոպե հետո զանգահարեցինք նաև Հայկ Մամիջանյանին։ Նա, սակայն, ասաց, թե իր հետ նման խոսակցություն չի եղել։ Դիտարկմանը, թե Ռուստամյանը չի հերքել առնվազն այն, որ այդ ակցիայից հետո իրենք որոշակի խոսակցություն ունեցել են, թե ստեղծված իրավիճակում ինչպես շարունակեն իրենց աշխատանքը, Մամիջանյանն ասաց․ «Ես նման բան չեմ հիշում։ Ես օրվա մեջ միլիոն մարդու հետ եմ խոսում, ես նման բան չեմ հիշում, Թագուհի Թովմասյանի ակցիայի մեջ էլ որևէ խնդիր չեմ տեսնում»։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ