Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:
Երլան Կոշանովը, ողջունելով Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության այցը Ղազախստան, նշել է, որ Հայաստանն իրենց համար մտերիմ և բարեկամական երկիր, վստահելի գործընկեր է:
«Մենք մեծ հետաքրքրությամբ ենք հետևում մեծածավալ բարեփոխումներին, որոնք իրականացվում են Հայաստանում: Դրանք ընթանում են բոլոր հիմնարար ուղղություններով, որոնք միտված են մարդկանց կյանքի որակի բարձրացմանը և հայ ժողովրդի բարօրությանը:
Մենք մշտապես անկեղծորեն ուրախանում ենք Ձեր հաջողություններով: Մեր երկրների հարաբերություներն արդյունավետորեն զարգանում են, և ամեն տարի համալրվում են նոր բովանդակությամբ:
Վստահ եմ, Ձեր այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն քաղաքական երկխոսությանը, ինչպես նաև մեր երկրների բազմակողմ համագործակցության խորացմանը»,-ասել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահը:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ու բարեկամական ընդունելության համար՝ նշել է, որ Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև առկա ներուժի առավելագույն արդյունավետ օգտագործումը: «Մեծապես կարևորում ենք նաև հայ-ղազախական խորհրդարանական փոխգործակցությունը, և գտնում ենք, որ այն մեր հարաբերությունների լայն շրջանակի առանցքային ոլորտներից մեկն է»,- ասել է նախագահ Խաչատուրյանը։