Հետևեք մեզ։

Փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվեց Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ

23:29, 15 հոկտեմբեր 2024
Փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվեց Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշմամբ՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվեց Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

 

Սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է Դիմադրության շարժման հայազգի հերոսի անունը: Անվանակոչման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց դպրոցի սաների կողմից Միսաք Մանուշյանի բանաստեղծությունների հուզիչ ընթերցմամբ:

 

Ողջույնի խոսքերով հանդես եկան դպրոցի տնօրենը, ինչպես նաև պատմության և փիլիսոփայության ուսուցիչները՝ ներկայացնելով նախաձեռնության նպատակները, Ֆրանսիայի նախագահի որոշմամբ ֆրանսիացի մեծագույն գործիչների Պանթեոնում հանգրվանած Մանուշյանի և նրա զինակիցների հերոսական կերպարների հավերժացման անհրաժշտությունն ու կարևորությունը երիտասարդ սերնդի համար:

 

Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի անդամ և Շատնե-Մալաբրիի քաղաքապետ Կարլ Սեգոն, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, դեպարտամենտի պրեֆեկտ Բենուա Տրեվիզանին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Օ-դը-Սենի հանրային կրթության ծառայության ակադեմիական տնօրենը։

 

Դպրոցի բացման արարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ազգային ժողովի և Սենատի անդամներ, ռեգիոնալ, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։