Հետևեք մեզ։

Իլոն Մասկը գրեթե 75 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի քարոզարշավի խմբին

13:03, 16 հոկտեմբեր 2024
Իլոն Մասկը գրեթե 75 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի քարոզարշավի խմբին

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը երեք ամսվա ընթացքում գրեթե 75 միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին սատարող America PAC քաղաքական կոմիտեին։ «Արմենպրես» փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված հաշվետվությունը։

 

Reuters-ը նշում է, որ ըստ հաշվետվության, Մասկը 74,95 միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի նախընտրական քարոզարշավին հուլիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում։

 

America PAC-ը, որի հիմնադիրը հենց Իլոն Մասկն է, այդ երեք ամիսների ընթացքում ծախսել է նվիրաբերված գումարի մեծ մասը՝ 72 միլիոն դոլարը։ 

 

Աշխարհի ամենահարուստ մարդը հանդիսացող Մասկը քանիցս աջակցություն է հայտնել Թրամփին իր X սոցիալական ցանցում, նաև ներկա է գտնվել Փենսիլվանիայում նրա նախընտրական հանրահավաքին։

 

Ինչպես հաղորդում է The Hill հրատարակությունը, այս հաշվետվությունը America PAC-ի կողմից հրապարակված առաջին փաստաթուղթն է։ Նշվում է, որ ևս մեկ հաշվետվություն կներկայացվի հոկտեմբերի 24-ին. այն կընդգրկի հոկտեմբերի 1-ից մինչև 16-ն ընկած ժամանակաշրջանը:

 

Մասկն ավելի վաղ հայտնել է, որ նախկինում քվեարկել է նախագահի դեմոկրատական թեկնածուների օգտին, սակայն այս ընտրությունների ընթացքում նրա հայացքները կտրուկ փոխվել են:

 

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական ​​կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը։