Լրատվամիջոցները վերցրեցին այդ փոքր կտորը, այդ անախորժությունը և այդ 7 ժամից առանձնացրեցին դա՝ մեր հասարակությանը հնարավորություն չտալով, որ վայելի կատարված աշխատանքը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած վիճաբանությանը։
«Անվտանգության մարմինները բոլորինս են և նրա թերացումները վաղը անդրադառնալու է յուրաքանչյուրիս մաշկի վրա։ Իմ զայրացումները ի նպաստ նրա են, որպեսզի հանգուցալուծվի, նիստ վարողը մեկ-մեկ պետք է զայրանա էլ, բայց մի քիչ էլ ինձ գովացեք, կարողացա այնպես կառավարեմ, որ մտնենք բովանդակային քննարկման փուլ»,-ասաց Քոչարյանը։
Խոսելով Արգիշտի Քյարամյանի պահվածքի մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ցանկացած պաշտոնյա պետք է լինի շատ զուսպ, ԱԺ-ն հարցեր բարձրացնելու տեղ է։
«Միջավայրը, պետական ընկալումները տղայական մոտեցումները մերժում են և դա է պատճառը, որ միշտ խոսվում է պետական ինստիտուտների կարևորության, նրա բարեվարքության և բազմաթիվ այլ խնդիրների մասին։ Ես ուզում եմ դա տեսնել ուժային բոլոր կառույցներում և տեսնում եմ դրա զարգացումները՝ բանակից սկսած»,-ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նման կառույցի ղեկավարները՝ բոլորը, պետք է այդ բարեվարքությունն ունենան։ «Վերջիվերջո, Աղազարյանը նաև տարիքով է մեծ։ Աղազարյանն է, որ մեզ էլ առավոտից իրիկուն միշտ անհարմար վիճակների մեջ է դնում, այդպես լիներ, պետք է բոլորս դանակն առնեինք ու Աղազարյանի հետևից ընկնեինք, բայց այդպես չի լինում։ Պատգամավորն իր կարծիքն է արտահայտում, բայց երբեք չի կարելի պատգամավորին ենթարկել ճնշման՝ իր տղայի հետ կապված քրեական հոդվածների լեզվով։ Չի կարելի դա, իմ համար դա ընդունելի չէ։ Պառլամենտն է մեր երկրի կայունություն ապահովողը։ Ով ոնց ուզում է շարժվի, այս երկրի կայունությունն ապահովում է այս երկրի քաղաքական իշխանության կամքը»,-ասաց նա։