Հետևեք մեզ։

Պինդ լինենք, դիմակայենք մեր երկրին սպառնացող նորանոր մարտահրավերներին՝ թե մասնագիտական, թե մարդկային, թե քաղաքական հարթություններում․ ՀԺՄ ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ

14:47, 16 հոկտեմբեր 2024
Պինդ լինենք, դիմակայենք մեր երկրին սպառնացող նորանոր մարտահրավերներին՝ թե մասնագիտական, թե մարդկային, թե քաղաքական հարթություններում․ ՀԺՄ ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ

Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայ մամուլի աօրվա առթիվ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Արդեն 20 տարի շարունակ՝ սկսած 2004 թվականից, հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր՝ ի հիշատակ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում առաջին հայկական պարբերականի՝ «Ազդարարի» լույսընծայման։

 

Այսօր հայ մամուլի ու հայաստանյան մամուլի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ՝ պայմանավորված՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ գործոններով։ Հայկական մամուլի աշխատակիցներն իրենց ամենօրյա պարտականությունը կատարում են մի կողմից՝ օրեցօր աճող տեղեկատվական հոսքերի, այդ թվում՝ ապատեղեկատվության, մյուս կողմից՝ ազատ խոսքի, մամուլի դեմ ուղղված իշխանությունների ճնշումների պայմաններում։

 

Այս և բազմաթիվ այլ գործոնների արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առերևույթ, նոմինալ առումով կան խոսքի ու մամուլի ազատության համար անհրաժեշտ պայմանները, մյուս կողմից՝ բովանդակային հարթությունում լրագրողները ստիպված են դիմակայել մի շարք խոչընդոտների։ Եվ չնայած բոլոր դժվարություններին, հայկական մամուլի ներկայացուցիչները կատարում են իրենց աշխատանքը, որն օբյեկտիվորեն զերծ չէ թերություններից, իր վրա կրում է հանրային ու պետական կյանքի բոլոր արատավոր երևույթների ազդեցությունը, որում այսօր ապրում է Հայաստանը։

 

Հարգելի գործընկերներ,

 

Շնորհավորելով բոլորիս Հայ մամուլի օրվա կապակցությամբ՝ Հայաստանի Ժուռնալիստների միությունը ցանկանում է քաղաքացիական կամք ու վճռականություն, մասնագիտական խիզախություն ու պատասխանատվություն՝ մեր առաքելությունն արժանապատվորեն կատարելու գործում։

 

Պինդ լինենք, դիմակայենք մեր երկրին սպառնացող նորանոր մարտահրավերներին՝ թե մասնագիտական, թե մարդկային, թե քաղաքական հարթություններում, հարգենք միմյանց պրոֆեսիոնալ աշխատանքը, պահպանենք մասնագիտական էթիկան, համագործակցենք, օգնենք միմյանց հաղթահարել ամենօրյա դժվարությունները»,-ասված է հայտարարության մեջ: