Ռուսաստանում անօրինական միգրանտի կողմից հանցագործություն կատարելը կճանաչվի ծանրացուցիչ հանգամանք։ Այս մասին ասվում է օրինագծում, որն այսօր քննարկվել է ՌԴ Պետդումայում։
Դուման առաջին ընթերցմամբ ընդունել է անօրինական միգրանտի կողմից կատարված հանցագործությունը որպես ծանրացուցիչ հանգամանք ճանաչելու մասին նախագիծը։ Նշենք, որ Ռուսաստանը խստացնում է աշխատանքային միգրանտների վերաբերյալ օրենսդրությունը։ Այս տարվա մարտին Մոսկվայի «Կրոկուս» համերգային կենտրոնում Կենտրոնական Ասիայից ժամանած միգրանտները ահաբեկչություն են իրականացրել, որի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է զոհվել, այնուհետև նույն տարածաշրջանից արմատական իսլամիստ միգրանտները «բունտ» են բեմադրել Ռոստովի և Վոլգոգրադի կալանավայրերում, ԴԱԻՇ-ի դրոշի ներքո պատանդներ վերցրել և սպանել բանտի աշխատակիցներին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքը։ Դրանով ուժի մեջ են մտել միգրանտների հետ կապված մի շարք արգելքներ։ Այսպիսով, նոր օրենքի համաձայն՝ օտարերկրացիներին արգելվում է վարել տաքսի և հասարակական տրանսպորտ, աշխատել սննդի ոլորտում, վաճառել ծխախոտային արտադրանք և ոգելից խմիչքներ, ինչպես նաև աշխատել նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են անօրինական միգրանտների ռեգիստր ստեղծելու մասին։