Հետևեք մեզ։

Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարությանը կոչ են արել ԼՂ հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել

15:39, 16 հոկտեմբեր 2024
Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարությանը կոչ են արել  ԼՂ հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել

Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարությանը կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեյցարիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է համապատասխան բանաձևը։ 

Ազգային խորհրդի կողմից ընդունվելուց հետո բանաձևը կքննարկվի նաև խորհրդարանի վերին պալատում։ 

Համաժողովի նպատակը կլինի «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին ռազմական հարձակումից ի վեր Լեռնային Ղարաբաղը զրկվել է հայ բնակչությունից։ 

«Վախենալով նոր ցեղասպանությունից, ինչպիսին 1915 թվականին հայերի դեմ իրագործվեց՝ բնակչությունը ստիպված եղավ մի քանի օրվա ընթացքում լքել իր հայրենիքը։ Այդ ժամանակից ի վեր տարածաշրջանում տեղի են ունենում փաստագրված էթնիկ զտումներ. հայկական մշակութային ժառանգությունը, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերն ու գերեզմանատները, սիստեմատիկորեն ոչնչացվում կամ ձևախեղվում են՝ «վերանորոգման» անվան տակ:  

Չնայած այս լուրջ իրադարձություններին, Լեռնային Ղարաբաղի հայերը պահպանում են միջազգային հանրության անվտանգության երաշխիքների ներքո հայրենիք վերադառնալու, սեփական քաղաքական ապագան որոշելու և ժողովրդավարական ինքնակառավարում իրականացնելու ցանկությունը: Միջազգային հանրությունը բազմիցս հանդես է եկել որոշակի դիրքորոշմամբ։ 

2023 թվականի նոյեմբերի 17-ին Միջազգային դատարանը վճռեց, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության «անվտանգ, անարգել և արագ վերադարձը»։

Եվրախորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է բանաձև, որով կոչ է արվում Ադրբեջանին համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ մտնել Ղարաբաղի հայերի հետ։ Նպատակն է հարգել նրանց իրավունքները, երաշխավորել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ նրանց վերադառնալ իրենց տները՝ միջազգային ներկայության պայմաններում։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ավելի վաղ պատասխանատու էր միջնորդության համար, խիստ սահմանափակված է գործելու իր հնարավորություններով ՝ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով: 

Սա ընդգծում է հակամարտության խաղաղ կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար բանակցությունների նոր ձևաչափի անհրաժեշտությունը»,- ասված է հիմնավորման մեջ։

Հիմնավորման մեջ նշվում նաև, որ Շվեյցարիայի կողմից կազմակերպվելիք միջազգային խաղաղության համաժողովը կարող է վճռորոշ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործում, ապահովել տեղահանված անձանց վերադարձը և այդպիսով նպաստել ողջ տարածաշրջանի կայունացմանը: 

«Շվեյցարիան եզակի հնարավորություն ունի օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը՝ հակամարտության կողմերի միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Նման հանձնառությունը ոչ միայն կշարունակի Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթը, այլև կամրապնդի նրա ՝ որպես միջազգային դիվանագիտության հուսալի գործընկերոջ դիրքերը»,- ասված է հիմնավորման մեջ։