ԱՄՆ նախկին նախագահ և գալիք ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զանգահարել է Google-ի ղեկավարին, քանի որ չի կարողացել կորպորացիայի որոնողական համակարգում գտնել իր մասին դրական նորություններ։
«Google-ը մեծ հզորություն ունի: Եվ նրանք ինձ վատ են վերաբերվում, շատ վատ... Եվ մի օր զանգեցի Google-ի ղեկավարին, ասացի, որ վերջերս շատ լավ պատմություններ ունեմ, բայց դրանք Google-ում չես գտնի: ...Կարծում եմ, որ Google-ը նույնքան կողմնակալ է, որքան մեր կառավարությունը»,- ասել է քաղաքական գործիչը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Թրամփը չի հստակեցրել, թե ում հետ և երբ է ունեցել այս հեռախոսազրույցը։ Google-ի գործադիր տնօրենը Սունդար Պիչայն է 2015 թվականից։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։